2013թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար, պարոն Լորենցո Կարաֆիին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաև պատվիրակության նորանշանակ ղեկավար Սարա Էպրեխտին:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում ԿԽՄԿ կողմից իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև ռազմագերիների խնդիրներին վերաբերվող հարցեր: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը ԿԽՄԿ ներկայացուցիչներին կոչ է արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել Ադրբեջանում գերության մեջ պահվող ՀՀ քաղաքացի Հակոբ Ինջիղուլյանին վերաբերող հարցում և առավել հաճախակի այցելություններ կատարել վերջինիս:
Պարոն Դ.Տոնոյանը բարձր է գնահատել պաշտոնավարման ընթացքում պարոն Կարաֆիի գործունեությունը, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել է արգասաբեր աշխատանք հետագա առաքելությունն իրականցնելու ընթացքում:










































