ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով այսօր` սեպտեմբերի 1-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է հարցաքննվեր քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանը: Սակայն դատարանում նա հայտարարեց, որ կտրականապես հրաժարվում է դատարանում ցուցմունք տալուց կամ կողմերի հարցերին պատասխանելուց:
Դատարանը որոշում կայացրեց հրապարակել քրեական գործի անջատված մասով ամբաստանյալ Լիլիթ Թորոսյանի նախաքննական ցուցմունքը:
Լրացուցիչ հարցաքննության ժամանակ Լիլիթ Թորոսյանը նշել է, որ Արթուր Վարդանյանը կապ է ունեցել ԱՍԱԼԱ-ի և «Հզբոլլահ»-ի հետ:
«Արթուրն ինձ տարբեր առիթներով զգուշացնում էր տեսածիս և լսածիս մասին որևէ մեկին չասեմ, հակառակ դեպքում, իր մարդիկ ամենուր են և նա ինձ չի ների»,- պատմել է վկան:
Հարցին, թե ճանաչե՞լ է ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանին, վկան պատասխանել է, որ նշված անձին չի ճանաչում. «Արթուրն անընդհատ ասում էր ոչ միայն պետական կառույցներում լավ կապեր ունի, այլ քրեական հեղինակությունների հետ սերտ կապեր ունի, որքան հիշում եմ Արթուրն ասում էր, որ Երրորդմասցի Լյովիկի շրջապատի հետ է»,- ասել է վկա Լիլիթ Թորոսյանը:











































