Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Խորհրդակցության ժամանակ վարչապետն իր դժգոհությունն է հայտնեց՝ հայտարարելով, որ Գեղարքունիքի մարզի բյուջեն ամենավատն է։
Այս կապակցությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Գեղարքունիքի նախկին մարզպետ, իսկ այժմ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանի հետ։
-Պարոն Գրիգորյան, վարչապետի հայտարարությունն ինչպե՞ս կգնահատեք, ի՞նչ նկատի ուներ նա։
-Դա այնքան ծեծված խնդիր է, որ ուղղակի հաշվի առնելով Գեղարքունիքի մարզի առանձնահատկությունը՝ ես կարող եմ ասել, որ վարչապետին ֆինանսիստն այս մարզի առանձնահատկությունները երևի մանրակրկիտ ձևով չի ներկայացրել․ մենք բոլոր տարիներին ունեցել ենք նման խնդիր։
Վարչապետը նկատի ունի, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման մասով Գեղարքունիքի մարզը ամենավատն է, որը ըստ իս, ունի իր պատճառները․առաջին՝ մեզ մոտ չկա որևէ արտադրանք, որը հիմա գյուղացին կարողանա վաճառքի հանել շուկայում։ Մեր արտադրանքը ցորենն է և կարտոֆիլը, որը հոկտեմբեր ամսին կհանեն շուկա և երկրորդ ամենակարևոր պատճառը՝ այս մարզից են համեմատաբար ամենաշատը մեկնում արտագնա աշխատանքի, նրանք հոկտեմբերին կվերադառնան և իրենց հարկերը կմուծեն և այդ ժամանակ Գեղարքունիքի բյուջեն միանգամից կբարձրանա և ամենալավը կլինի, չէ որ այդ ամենը տարեկան կտրվածքով պետք է հաշվվի։ Ընդհանուր առմամբ՝ Գեղարքունիքի մարզն ունի իր առանձնահատկությունը․ սա Արարատի մարզը չէ, որտեղ տարբեր մրգեր ու բանջարեղեն մարդիկ արդեն կարողացել են վաճառել և կատարել իրենց պարտքը, այսինքն իրենց հարկերը վճարեն։
-Պարոն Գրիգորյան, երբ Դուք մարզպետ էիք՝ այսպիսի խնդիրներ չէ՞ին լինում։
Միշտ էլ եղել են, բայց ես շեշտում եմ, որ Գեղարքունիքի մարզը վերջին տարիներին միշտ էլ առաջինն է եղել իր համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներով , ուղղակի վարչապետին չի ներկայացվել մարզի առանձնահատկությունը․գյուղատնտեսությունը միշտ այս մարզում առաջնային է և մեր ՀՆԱ-ում բավականին տեսակարար կշիռ ունի։ Գեղարքունիքի բյուջեն վերջին 3-4 տարիների ընթացքում հանրապետության մասշտաբով ամենաբարձրն է եղել և, եթե նման խնդիր կա, ապա ես համոզված եմ, որ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին Գեղարքունիքում բյուջեի եկամուտները կկատարվեն, որովհետև այնտեղ համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը պիտի տարեկան կտրվածքով հաշվի առնեն և տարեկան կտրվածքով այս մարզը կկատարի իր բյուջեն։
-Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը հայտարարեց նաև, որ 2018թ-ին բյուջեի պլանավորումը «շատ կոշտ վերահսկողության» տակ են պահելու։ Այսինքն, սա արդյոք չի՞ նշանակում, որ գումարներ են մսխվում համայնքների բյուջեից, որը այսուհետև չի թույլատրվելու․
Իհարկե, ոչ։ Ես ողջունում եմ վարչապետի այս հայտարարությունը, որով նա ցույց տվեց, որ այն համայնքի ղեկավարը, ով 100%-ով կհավաքի իր բյուջեն, ապա կառավարությունը նրան 100%-ով կֆինանսավորի։ Վարչապետը միշտ էլ հայտարարում է, որ իրենց պետք են 50-50 գործընկերներ, այսինքն, նա ով կկատարի իր պարտավորությունները, իսկ կառավարությունը՝ իր, այսինքն նրանք ովքեր պատշաճ ձևով կհավաքագրեն իրենց եկամուտները, կառավարությունը նրանց նկատմամբ բարյացակամ կլինի, իսկ ովքեր որ չեն հավաքագրի՝ նրանց նկատմամբ խիստ վերաբերմունք կլինի։
-Իսկ ներկայիս մարզպետի գործունեությունն ինչպե՞ս կգնահատեք, մի քանի ամիս է արդեն, որ Կարեն Բոթոյանը մարզպետ է, և ըստ Ձեզ, նա կարողանո՞ւմ է մարզի խնդիրները լուծել․
-Նրա գործունեությունը շատ նորմալ, դրական եմ գնահատում։
-Ներկայումս Գեղարքունիքի մարզում, օրինակ ի՞նչ փոփոխություններ կամ առաջընթաց եք տեսնում, որը չկար Ձեր ղեկավարման օրոք, դուք տևական ժամանակ ղեկավարել եք այդ մարզը։
-Դուք արդեն ուրիշ թեմաներ եք խոսում․․․ընդհանուր առմամբ՝ օրեկան կտրվածքով փոփոխություններ չեն լինում, դրանք լինում են կիսամյակի կտրվածքով և տարեկան կտրվածքով։ Համ էլ ես ինչ իմանամ ինչ փոփոխություններ են եղել, դուք գնացեք այնտեղ իմացեք, բայց ես ասեցի, որ շատ նորմալ աշխատում է այս մարզպետը։ Ցանկացած մարզում էլ օրեցօր փոփոխություն է լինում, մենք պետք է կարողանանք լավն էլ տեսնել։
-Բայց, երբ զրուցում ենք այս մարզի տարբեր համայնքների բնակիչների հետ, նրանք ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա իրենց կենսամակարդակում, սոցիալ-տնտեսական պայմաններում որևէ դրական տեղաշարժ, փոփոխություն չեն մատնանշում։
-Մենք միշտ փորձում ենք վատը տեսնել, որովհետև հիմնախնդիրները շատ են, իսկ հնարավորությունները՝ քիչ։ Լավ ես արդեն շատ խոսեցի, հանդիպման եմ, մնացածը՝ հետո։
Լուսանկարը` ԱՅՍՕՐ-ի











































