«Ես հստակ երազանք ունեմ. ցանկանում եմ Եվրոպան տեսնել առանց բաժանարար պատնեշների մայրցամաք, որտեղ մարդիկ, գաղափարները, առևտուրը և ներդրումները ազատորեն հատում են սահմանները, որոնք աստիճանաբար կորցնում են իրենց նշանակությունը: Դա Եվրոպային և եվրոպացիներին կարող է դարձնել ավելի հաջողակ, առաջադեմ և պաշտպանված»,- Day.kiev.ua-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը և շարունակել.
««Արևելյան գործընկերություն» նախաձեռնությունը հիմնվել է Պրահայում՝ 2009թ., Շվեդիայի և Լեհաստանի կողմից առաջ քաշված առաջարկից հետո: Գաղափարն այն է, որ ավելի սերտ հարաբերություններ ձևավորվեն ԵՄ-ի և արևելաեվրոպական հարևանների (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս) հետ: Միասին մենք որոշել ենք, որ «Արևելյան գործընկերությունը» հիմնվում է ընդհանուր արժեքների վրա, ինչպիսիք են ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, և որ դա պետք է արագացնի Արևելյան Եվրոպայի երկրների քաղաքական ասոցացումը և տնտեսական ինտեգրացումը ԵՄ-ին:
Մի քանի տարի շարունակ նման երազանքը մշտապես ենթարկվել է կասկածանքների: ԵՄ-ում հաստատուն կերպով աջակցում են «Արևելյան գործընկերությանը», սակայն միշտ չէ, որ մեր ցանկությունները համընկնում են: «Արևելյան գործընկերության» երկրներում ԵՄ-ի հետ մերձենալու հասարակական աջակցությունը նույնքան հզոր է, սակայն մասնավոր շահերը հաճախ կանգնում են ճանապարհին կամ դանդաղեցնում են անհրաժեշտ բարեփոխումները: Բացի այդ, մենք բախվում ենք աճող արտաքին ճնշմանը՝ ուղղված Արևելյան Եվրոպայի երկրների և ԵՄ-ի հետ սերտ համագործակցության դեմ:
Այսպես. Ռուսաստանի Դաշնությունը կարծես փորձում է օգտագործել առկա բոլոր միջոցները մեր գործընկերներին եվրոպական ուղուց շեղելու կոպիտ փորձում: Նման արշավը տրամաբանությունից դուրս է և հակասում է «Արևելյան գործընկերության» փոխշահավետ մոտեցմանը: Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտին ամբողջությամբ համապատասխանում է մյուս երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրերին, ընդ որում՝ ԵՄ-ը ողջունում է առևտրային կապերի զարգացումը և լավացումն ԱՊՀ երկրների միջև: Սակայն անդամակցությունը Մաքսային միությանն այլ բան է: ԵՄ-ում մենք կշարունակենք պնդել, որ սեփական ուղին ընտրելը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, իսկ անօրինական ճնշումներն անթույլատրելի են:
«Արևելյան գործընկերության» երկրների երրորդ գագաթնաժողովը կայանալու է նոյեմբերի 29-ին՝ Վիլնյուսոմ: Գագաթնաժողովին մոտենալը հնարավորություն է ընձեռում տոնել նոր դարաշրջանի սկիզբ ԵՄ-ի և Արևելյան Եվրոպայի միջև հարաբերություններում:
Չնայած տարբեր խնդիրներին՝ «Արևելյան գործընկերությունը» բազմաթիվ ուղղություններում շատ բաների է հասել, քան մենք սպասում էինք դրա գոյության առաջին տարիներին: Մենք հույս ունենք մինչև գագաթնաժողովն ավարտել բանակցություններն Ասոցացման համաձայնագրի մասին, այդ թվում՝ խորը և համապարփակ առևտրի մասին դրույթը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ, և շարունակել բանակցություններն Ադրբեջանի հետ: Սկզբունքորեն հնարավոր էր բանակցություններն ավարտել նաև Հայաստանի հետ, սակայն այժմ լուրջ կասկածներ են առաջացել այս առնչությամբ:
Այդ համաձայնագրերն ունեն աննախադեպ մասշտաբ և ծավալ: Դյուրացվել է նաև քաղաքացիների այցելությունների ռեժիմը ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» երկրների բոլոր երկրների միջև՝ բացառությամբ Բելառուսի, որը դեռևս պետք է պատասխանի 2011թ. այցագրի ռեժիմի դյուրացման մասին համաձայնագրի ԵՄ առաջարկին:
Էականորեն աճում է համագործակցությունը շատ նախագծերի, հարթակների, փորձագիտական խորհուրդների և սեմինարների շրջանակներում: Քաղաքացիական հասարակությունը զգալի չափով ներգրավված է այս գործընթացում, և հասարակաության նման մասնակցությունը «Արևելյան գործընկերության» հիմնական ձեռքբերումն է: Բացի այդ, նախաձեռնությունն ամբողջ տարածաշրջանը դրել է ԵՄ օրակարգի վերին մասում՝ այլ հարցերի և տարածաշրջանների հետ լարված մրցակցությունում, որոնք պահանջում են ԵՄ ուշադրությունը և ջանքերը:
Միևնույն ժամանակ հասկանալի է, որ դեռ անելու շատ բան կա: ԵՄ-ը և գործընկերության երկրները պետք է լքեն իրենց հարմարավետ տեղերը՝ «Արևելյան գործընկերության» ծրագրերն ամբողջապես իրականացնելու համար: ԵՄ-ն պետք է պատրաստ լինի՝ ներառելու եվրոպական նոր երկրներ և դրանց քաղաքացիներին՝ մեծացնելով մեր քաղաքական, գործնական և ֆինանսական օգնությունը: Միևնույն ժամանակ գործընկեր երկրները պետք է հասկանան, որ ԵՄ-ն ոչ միայն առևտրի և մեծ քաղաքականության ակումբ է, այլև քաղաքակիրթ ընտրություն՝ հօգուտ մրցունակ քաղաքականության, ամբողջությամբ ժողովրդավարական ընտրությունների, իրավունքի գերակայության, փոքրամասնությունների և ակտիվ, երբեմն նույնիսկ եռանդուն քաղաքացիական հասարակության պաշտպանության:
Մենք ցանկանում ենք «Արևելյան գործընկերության» տարածաշրջանի երկրներում տեսնել հստակ դիրքորոշում և արդյունավետ գործողություններ՝ ուղղված եվրոպական ընդհանուր արժեքների հանդեպ հարգանքի ուժեղացմանը, որոնց բոլորս համաձայնել ենք հետևել: Եվրոպական իսկական ինտեգրումը պահանջում է ավելին, քան գեղեցիկ բառերն են ու բարեփոխումները, որոնք մնում են թղթի վրա: Եվ, իհարկե, գործընկեր երկիրը որքան շատ է ցանկանում ինտեգրվել ԵՄ-ին, այնքան ավելի խիստ կլինեն համապատասխան չափանիշները:
Այս կոնտեքստում ես շատ անհանգստացած էի ժողովրդավարությունից շեղվելու նշանով, ինչը վերջին տարիներին նկատվում է Ուկրաինայում, երբ ընտրական համակարգի թերությունները, ընտրովի արդարադատության դեպքերը և բարեփոխումների բացակայությունը հանգեցրին եվրոպական ինտեգրման գործընթացի դանդաղեցման: Մեր նպատակն է գագաթնաժողովին տեսնել այս միտումի կտրուկ շրջադարձ, ինչը հնարավոր կդարձնի Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, և այսպիսով Ուկրաինան կդառնա գործընկեր երկրներից առաջինը, որն ավարտել է այս փուլը:
Վրաստանը և Մոլդովան ձգտումների բարձր մակարդակ ունեն ԵՄ-ի հետ հարաբերություններում: Վրաստանը տարիներ շարունակ իրագործել է տպավորություն թողնող բարեփոխումներ՝ հատուկ ուշադրության է արժանի կոռուպցիայի դեմ պայքարը: Սակայն այսօր երկրին անհրաժեշտ է կատարելագործել իր ժողովրդավարական ձեռքբերումները և կազմակերպել քաղաքական իշխանության փոխանցում՝ առանց ոտնահարելու նոր ընդդիմության իրավունքները:
Մոլդովան շատ լուրջ է մոտենում ԵՄ-ի հետ մերձեցման հարցին, նա մեծ առաջընթացի է հասել ԵՄ-ի հետ առանց այցագրի ապագա ռեժիմի հարցում՝ գործընկեր մյուս երկրների համեմատ: Միևնույն ժամանակ այս գարնանը տեղի ունեցած քաղաքական ճգնաժամը ցույց տվեց, որ Մոլդովան դեռ շատ պետք է աշխատի իր պետական հաստատությունների ապաքաղաքականացման վրա:
Հայաստանի հարաբերությունները ԵՄ երկրների հետ բարելավվել են «Արևելյան գործընկերության» նախաձեռնության սկզբից հետո: Սակայն 180 աստիճանով վերջին շրջադարձը դեպի եվրասիական ինտեգրում շատ հարցեր է առաջացնում մեզ մոտ:
Ադրբեջանը ուղիղ հայտարարել է այն մասին, որ ԵՄ-ի հետ համագործակցության մեջ իր գլխավոր շահը կապված է էներգետիկ ոլորտի և տնտեսության արդիականացման հետ: Այս երկրում տնտեսական վերելքը դեռևս չի առաջացրել քաղաքացիական ազատությունների ընդլայնում, մենք ուշադիր կհետևենք հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին:
Բելառուսն այդպես էլ չկատարեց ԵՄ-ի հին պահանջը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ, այստեղ քիչ բան է վկայում իրական բարեփոխումների մասին: Որպես հետևանք՝ ԵՄ-ը պատժամիջոցներ է ընդունել և վարում է ընտրողական հրավերքի քաղաքականություն, այդ պատճառով ԵՄ-ի և Բելառուսի միջև երկկողմ համագործակցությունը սահմանափակ է:
«Արևելյան գործընկերության» երկրների ամբողջ տարածաշրջանում կոռուպցիայի և մասնավոր շահերի դեմ պայքարի սուր անհրաժեշտություն կա: Անխոս, ձգձգված հակամարտությունների լուծումը, որոնք ազդում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի վրա, որոշիչ են տարածաշրջանի կայունության և ապագա ծաղկման համար:
Բարեփոխումների իրագործումը պահանջում է միատեսակ քաղաքացիական քաջություն՝ ինչպես «Արևելյան գործընկերության» երկրների, այնպես էլ ԵՄ-ի կողմից, հատկապես երբ թվում է, թե բարեփոխումների գինը գերազանցում է կարճաժամկետ առավելությունները: Բարեփոխումները ոչ միշտ են գտնում թիրախային խմբերի աջակցությունը: ԵՄ-ի և «Արևելյան գործընկերության» երկրների շուկաների համատեղ բացումը շահավետ կլինի արտահանման և արտասահմանյան ներդրումների հնարավորությունների, ավելի էժան և ավելի որակյալ ներմուծվող ապրանքների տեսանկյունից սպառողների և ձեռնարկությունների համար: Սակայն կարճաժամկետ հեռանկարում նախկինում պաշտպանված պետական ընկերությունները դա կդնեն կոշտ մրցակցության մեջ: Եվս մեկ հստակ օրինակ՝ փոքրամասնությունների պաշտպանություն և խտրականության դեմ պայքարելու պարտավորվածության, մասնավորապես՝ սեռական հողի վրա խտրականությունների դեմ: Եվրոպական ինտեգրման կոնտեքստում դա նույնիսկ չի քննարկվում:
ԵՄ շրջանակներում և երկկողմ օգնություն ցուցաբերելու շրջանակներում Շվեդիան վճռականորեն մտադիր է աջակցել Արևելյան Եվրոպայի ինտեգրմանը: Մինչև տարեվերջ Շվեդիայի կառավարությունը նախատեսում է ընդունել «Արևելյան գործընկերության» երկրների հետ համագործակցության յոթնամյա նոր ռազմավարություն՝ այդ նպատակների համար հատկացնելով 500 միլիոն եվրո: Դա ներկայում քննարկվող աջակցության լայնածավալ ծրագրի դրույթ է տարածաշրջանի երկրների համար 2014-2020թթ. ընկած ժամանակահատվածում, որը ԵՄ-ն հույս ունի տրամադրել:
Շվեդական նոր ռազմավարությունը կդառնա համագործակցության շարունակություն Շվեդիայի և «Արևելյան գործընկերության» որոշ երկրների միջև, ինչը երկարատև պատմություն ունի և սկիզբ է առել 1990-ական թթ.: Առաջնային են համարվում մարդու իրավունքները, պատշաճ կառավարումը, գենդերային հավասարությունը, քաղաքացիական հասարակությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, շուկայական տնտեսությունների զարգացումը: Բացի այդ, Շվեդիան վերջերս նշանակել է «Արևելյան գործընկերության» հարցերով հատուկ դեսպանի, որի գլխավոր խնդիրը ԵՄ-ի և գործընկերության երկրների միջև գործընկերության հետագա զարգացմանն աջակցելն է:
Շվեդիայում և ԵՄ-ում այլընտրանք չեն տեսնում մեր արևելաեվրոպական հարևանների հետ հարաբերությունների անկեղծ շարունակմանը: Մենք ապրում ենք մի մայրցամաքում, և մեր ճակատագրերը միահյուսված են: Առաջիկա տարիներին մենք պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք փոխադարձ պարտավորւոթյունների կատարմանն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտուրը, հետագա ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը: Դրա հետ մեկտեղ պետք է մտածել վերամիավորված Եվրոպայում հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ներառել «Արևելյան գործընկերության» երկրների «տնտեսական գոտին»: Այսպես, թե այնպես՝ ԵՄ-ը չի հրաժարվի «Արևելյան գործընկերության» ուղղությամբ ձգտումից, քանի դեռ «Արևելյան գործընկերության» գոնե մեկ երկիր կբաժանի այդ ցանկությունը:
Ես խորապես համոզված եմ, որ մենք բոլորս կշահենք Եվրոպայում հարաբերությունների խորացումից, և հավանական է, որ ավելի հեռու հեռանկարում ԵՄ-ի դռները բաց կլինեն ցանկացած եվրոպական երկրի համար, որը կցանկանա անդամակցել և կհամապատասխանի բոլոր չափանիշներին»:











































