Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը հորդորել է նորածինների ծնողներին իրենց երեխաներին չկոչել անբարեհունչ անուններով: Որպես օրինակ նա բերել է Գուրգաքա («գայլ»), Ջուրոբալի («ավել») և Ջանգալի («հակամարտող») անունները: Այս մասին հաղորդում է Regnum գործակալությունը:
Ռահմոնի խոսքերով՝ այդ անունները լուրջ խնդիրներ են առաջացնում, երբ բարձր պաշտոնների պետք է նշանակվեն այդպիսի անուններ ունեցողները։ «Արդյոք տաջիկի անունը կարո՞ղ է ավել կամ գայլ լինել»,- այս հարցն է ուղղել Ռահմոնը երեխաների պաշտպանության օրն իր ելույթի ժամանակ:
Հիշեցնենք, որ 2007 թվականից ի վեր բոլոր տաջիկները հրաժարվում են ազգանվան ռուսական «-ով» վերջավորությունից, ինչը նույնպես Տաջիկստանի նախագահի նախաձեռնությունն է: