ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերթ Գեյթսը ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության եւ արտգործնախարարների ժողովից հետո՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասել է, որ շարունակվում են Թուրքիայում հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման վերաբերյալ քննարկումները թուրք գործընկերների հետ: «Հակահրթիռային պաշտպանության հարցով մենք թուրքերի վրա ճնշում չենք գործադրում: Խոսքը մեր դաշնակիցներից մեկի հետ ընթացող բանակցությունների մասին է»,- ասել է Գեյթսը: Վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրներ` թուրքական «CnnTurkե լրատվական ծառայությունը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն եւ պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլն այդ հարցը քննարկել են Միացյալ Նահանգների իրենց պաշտոնակիցներ Հիլարի Քլինթոնի եւ Ռոբերթ Գեյթսի հետ:
Աղբյուրի համաձայն` թուրքական կողմը նշել է, որ կկարողանա աջակցություն ցուցաբերել հետևյալ երկու պայմանների դեպքում.
1. Այդ ծրագրում ընդգրկել ՆԱՏՕ-ի բոլոր տարածքները:
2. Կազմել ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգության կարիքները հոգացող մի համակարգ:
Շուրջ կես ժամ տևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Իրաքին, Լիբանանին և բալկանյան տարածաշրջանին առնչվող հարցեր: