ՀՅԴ հայ դատի և քաղաքական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը չի կարծում, որ դովիլյան հայտարարությունից հետո ԼՂ հարցի կարգավորման գործընթացը նոր փուլ է մտել:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում նա նկատեց, որ դեռևս 2009-ի հուլիսից էին համանախագահող երկրների նախագահները շտապողականություն ցուցաբերում, սակայն որևէ առաջընթաց չկա: Մանոյանի կարծիքով՝ դովիլյան հայտարարությունն ընդամենը ցանկություն է, ինչ-որ տեղ՝ նաև ճնշման ձև է, որը, սակայն, իրական առաջընթացի հիմք չի կարող լինել:
Մանոյանը նաև նկատեց, որ քանի որ այդ հայտարարությունը արվել է ոչ թե բանակցող կողմերի, այլ միջնորդ երկրների նախագահների կողմից, դա հույս չի տալիս, որ առաջիկայում առաջընթաց կլինի:
«Իրականում լավատեսության հիմք չկա, որովհետև Ադրբեջանը շարունակում է կարգավորման հիմնական սկզբունքներն հասկանալ այնպես, ինչպես ինքն է ցանկանում՝ հակառակ հայկական կողմերի և միջնորդների տեսակետների: Քանի որ Ադրբեջանը իր կեցվածքը չի փոխել առայսօր, ակնկալել, որ հաջորդ երեք-չորս օրերին պիտի փոխի և գալիք հանդիպումն արդյունավետ պիտի լինի և առաջընթաց ապահովի, կարծում եմ, հիմք չունենք»: