Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները խախտում են իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, որը ստորագրվել է Թեհրանի ու «վեցյակի» երկրների միջեւ 2015-ին։ Այդ մասին Ստամբուլում հայտնել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է eurointegration-ը՝ հղում անելով իրանական Tasnim լրատվական ծառայությանը։
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը մտադիր է հրաժարվել համաձայնագրից, ու Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամանքը քննարկվել է համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ։ Նա նշել է, որ Իրանը մի կողմից ձեռնարկում է իրավական միջոցառումներ՝ ՄԾ մասին համաձայնագիրը խախտելու՝ ԱՄՆ-ի փորձերի դեմ, մյուս կողմից էլ այդ հարցը բարձրացնում է միջազգային շրջանակներում։ Նա հայտնել է, որ Իրանի ԱԳՆ-ն ու Ատոմային էներգիայի հարցերով կազմակերպությունը սկսել են քայլեր ձեռնարկել ԱՄՆ թշնամական քայլերի դեմ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Իրանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը։ Օրինագիծը պետք է ստորագրի նախագահ Դոնալդ Թրամփը։