Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար կարող է պահանջվել 3-6 ամսից էլ քիչ ժամանակ, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Իրանի նախագահ Հասան Ռուհանին: Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ ելույթ ունենալով CBS-ի երեկոյան հաղորդման ժամանակ:
«Պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել նույնիսկ այդ ժամկետից ավելի արագ՝ կախված համագործակցության դիրքորոշումից ու Իրանի թափանցիկությունից»,- ասել է Քերին:
Նա հայտարարել է, որ եթե Թեհրանը միջազգային հանրությանը ցույց տա իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը, ապա հարաբերություններն Իրանի հետ կարող են արմատապես դեպի լավը փոխվել: «Եվ այդ փոփոխությունները կարող են արագ տեղի ունենալ,- հավելել է Քերին:- Իրանը պետք է շտապ պարզ և համոզիչ գործողություններ ձեռնարկի՝ ուղղված իր միջուկային ծրագրի հետ կապված միջազգային հանրության պահանջների կատարմանը»:
Հարցին, թե Թեհրանի կողմից ի՞նչ կոնկրետ քայլեր կցանկանար տեսնել Վաշինգտոնը, նա հայտարարել է, որ իրանական իշխանությունները կարող են տեսուչների համար բացել «որդու» գաղտնի օբյեկտը, ստորագրել հավելյալ արձանագրություններ՝ կապված Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հետ, ինքնակամ չիրականացնել որոշակի մակարդակից բարձր ուրանի հարստացում:
Քերին նշել է, որ վերջին շփումները իրանցիների հետ խնդրի կարգավորման հույս են տալիս, սակայն խոսքը չի կարող փոխարինել գործին: «Մեզ անհրաժեշտ են գործողություններ, որոնք կապացուցեն, որ ծրագիրը չի սպառնում մեզ, ինչպես նաև տարածաշրջանում մեր ընկերներին ու դաշնակիցներին»,- ասել է պետքարտուղարը:
Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա ԱՄՆ-ը դրանք չի կասեցնի, քանի դեռ չի սկսվել հուսալի և թափանցիկ գործընթաց և պարզ չի դարձել, թե ինչպես են իրանցիները մտադիր հետագայում շարունակել այդ ծրագրի իրականացումը:











































