2014թ. պետական բյուջեով նախատեսված է 2014թ. հուլիսի 1-ից 40%-ով բարձրացնել պետական աշխատողների աշխատավարձերը: 2014-ի հունվարի 1-ից էլ բարձրանալու են թոշակները` միջինը 15%-ով: Աշխատավարձերի բարձրացումը բյուջեի վրա լրացուցիչ 36.6 մլրդ դրամ կնստի, իսկ թոշակներինը` 34.1 մլրդ դրամ: Ընդ որում՝ ավելի շատ աճելու են այն թոշակները, որոնք ցածր են, իսկ 70 հազար դրամից բարձր թոշակներն աճելու են միայն 3%-ով:
Կառավարության նիստում հաստատվեց նաև օրենսդրական փոփոխությունների մի փաթեթ, որով նախատեսվում է պետական բնագավառի բոլոր աշխատողների աշխատավարձերը կապել նվազագույն աշխատավարձի հետ` միմյանց հետ համադրելի դարձնելու նպատակով:
«Առաջին անգամ ձեզ հետ միասին առաջարկում ենք աշխատավարձերի կարգավորման միասնական սանդղակ: Սա քաղաքական որոշում է: Մենք առաջարկում ենք իշխանության տարբեր ճյուղերում աշխատողների աշխատավարձերի միջև համադրելի սանդղակ, ինչպես զարգացած երկրներում է»,- հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:










































