«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության մի խումբ ակտիվիստներ այսօր Մաշտոցի պուրակից մինչև «Փակ շուկա» բողոքի երթ անցկացրեցին: Ակտիվիստներից Գևորգ Սաֆարյանը նշեց, որ եթե այսօր «Փակ շուկան» են հասնցում այս վիճակի, ապա բոլորովին էլ զարմանալի չի լինի, եթե մի օր որոշեն քանդել Էջմիածնի Մայր տաճարը, հաջորդիվ Գառնու տաճարը և դրանց փոխարեն սուպերմարկետ կառուցեն:
Սաֆարյանն ասաց, որ և՛ մշակույթի նախարարությունը, և՛ Երևանի քաղաքապետարանը նշել են, որ «Փակ շուկայում» կատարվում է ապօրինի շինարարություն, սակայն երբ իրենք դատախազություն հաղորդում են տվել, ստացել են պատասխան, թե այնտեղ իրականացվող շինարարությունն ապօրինի չէ:
Ակցիայի մասնակցիները սկզբում նշեցին, որ իրենք ընտրել են նոր մարտավարություն, և հնարավոր է այսուհետ ամեն օր նմանատիպ բողոքի երթեր անցկացնեն:
Այսօր նրանք խաղաղ երթ արեցին, որի ընթացքում հանդիպեցին ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի աջակիցներին և նշեցին, որ իրենք ևս սատարում են ազտամարտիկներին և պահանջում անհապաղ ազատ արձակել գնդապետ Ավետիսյանին:
Իսկ արդեն Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպեցին երկու ամսից ավել նստացույց անող ակտիվիստներին, ողջունեցին նրանց պայքարը՝ հավելելով, որ միշտ նրանց հետ են և պատրաստ են ցանկացած պահի աջակցել:
Ապա երթի մասնակցիները շարժվեցին դեպի «Փակ շուկա», որտեղ, բնականաբար, հանդիպեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի աջակիցներին:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում:










































