Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայում ձերբակալվել է 1992 թվականին ղարաբաղյան պատերազմի մասնակից, «Գորշ գայլերի» (որոնց քաղաքական թևը «Ազգայնական շարժում» կուսակցությունն (ԱՇԿ) է) պարագլուխներից Զիյա Արփաջըքը։
Վերջինս իրեն հռչակել է որպես «խորքային պետության ֆիդայի» («խորքային պետությունը» երկրում հեղաշրջման հիմք նախապատրաստելուն ուղղված մեխանիզմ է)։
Արփաջըքը հայտնվել է այն 18 ձերբակալվածների թվում, ովքեր հունիսի 6-ին Դիարբեքիրում ԱՇԿ նախագահ Դևլեթ Բահչելիի նախընտրական հանդիպման ժամանակ պետք է սադրանքներ իրականացնեին, որոնց պետք է զոհ գնար մինչև 10 մարդ։ Ազգայնականների կարծիքով, դա կբարձրացներ իրենց վարկաբեկված կուսակցության վարկանիշը և հնարավորություն կտար հունիսի 12-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաղթահարել 10 տոկոսանոց նախընտրական շեմն ու շարունակել խորհրդարանում իրենց ներկայացվածությունը։
ԱՇԿ հիմնադիր Ալփասլան Թյուրքեշի մերձավորներից Զիյա Արփաջըքը եղել է 1992 թվականին Թուրքիայից ղարաբաղյան պատերազմին մեկնած «կամավոր հրամանատարներից» մեկը։
Ղարաբաղում փոխգնդապետ Արփաջըքը եղել է «Քամիների միության» հրամանատարներից մեկը և երկար ժամանակ պատերազմել է հայերի դեմ։ 2003 թվականին էլ մեկնել է Քիրքու՝ պաշտպանելու իրաքյան թուրքմեններին։
4 գրքերի հեղինակ Արփաջըքը նաև 10 տարի անցկացրել է բանտում և թուրք ազգայնականների շրջանում հայտնի է որպես «Խոջա Յուսուֆ» անունով։
Հիշեցնենք, որ 1992 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ադրբեջանական բանակում գործում էին 670 թուրք զինծառայողներ, որից՝ 550 զինվոր, 112 սպա և 8 գեներալ: Ի դեպ, ռազմական գործողություններին նրանց մասնակցությունը չէր կրում կամավոր բնույթ: Թուրքական կառավարությունն անմիջականորեն ներգրավված էր այդ գործընթացում:
Թուրքական İkibine doğru թերթի տվյալներով, ռազմական գործողություններին մասնակցելու համար թուրք սպաներից յուրաքանչյուրը պետության «գաղտնի հիմնադրամներից» ստանում էր 7500 ամերիկյան դոլար աշխատավարձ:










































