Грузия Online-ի փոխանցմամբ, հունիսի 5-ին Թբիլիսի է ժամանում հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունը։ Նա ներկա է գտնվելու Ռեննի Հառլինի «Օգոստոսի 5 օրը» ֆիլմի շնորհանդեսին։ Ֆիլմը պատմում է 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմի մասին։
Բացի այդ, Վրաստան են ժամանելու ֆիլմի ռեժիսոր Ռեննի Հառլինը և ֆիլմում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մարմնավորած, ամերիկացի դերասան Էնդի Գարսիան։
Նշվում է, որ ֆիլմը մեծ աժիոտաժ է բարձրացրել ողջ աշխարհում, այդ թվում՝ նաև Երևանում։
Հիշեցնենք, որ ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են 2009 թվականի հոկտեմբերին Թբիլիսիում: Դրան աջակցել են վրացական քաղաքական և ռազմական իշխանությունները՝ տրամադրելով ռազմական հանդերձանք, տանկեր և ուղղաթիռներ: Ֆիլմի բյուջեն կազմում է 50 միլիոն ամերիկյան դոլար:
Վրացական ընդդիմության կարծիքով, այս ֆիլմը Սաակաշվիլիին անհրաժեշտ է իր միջազգային քաղաքական PR-ի և արդարացնելու համար տվյալ պատերազմում իր գործողությունները, որոնք աղետալի հետևանքներ ունեցան Վրաստանի համար: