Անցումային ժողովրդավարությունների նախագծի նախագահ Բրյուս Ջեքսոնը թուրքական Զամանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած Կոնգրեսի ընտրություններից հետո ինչպես Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն կազմած հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները դժվար թե որևէ ակտիվություն ցուցաբերեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում: Ըստ ամերիկացի փորձագետի` այդ հարցով բանաձևի ընդունումը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական օրակարգի հարց չէ, այլ պայմանավորված է լոկ հայկական լոբբիի ճնշման գործոնով: «Պատրաստվու՞մ է արդյոք Կոնգրեսը հաջորդիվ դատավճիռ ընդունելու Խաչակրաց արշավանքների կապակցությամբ», հռետորական-հեգնական հարցադրում է կատարել Ջեքսոնը:
Նա նաև համոզմունք է հայտնել, որ անգամ եթե Կոնգրեսն ընդունի այդ, նրա բնորոշմամբ, կամակոր և սադրիչ բանաձևը, ապա նախագահ Բարաք Օբաման վետո կդնի դրա վրա: «Երբ Թուրքիան հաշտվի իր պատմության հետ, նա պետք է անի դա իր ժողովրդի միջոցով: Չի կարելի հաշտվել սեփական պատմության հետ դրսի օգնությամբ», ընդգծել է փորձագետը: Նա նաև ասել է, որ հայկական լոբբին վատ համբավ է վայելում ԱՄՆ մայրաքաղաքում, քանզի փորձել է արգելափակել Մեթյու Բրայզայի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակումը, իսկ մինչ այդ հետաձգել է Ֆիլիպ Գորդոնի նշանակումը Եվրոպայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում, մինչդեռ երկուսն էլ արժանացել էին երկու կուսակցությունների հավանությանը:
«Մենք չափազանց հետաքրքրված ենք հայ-թուրքական հաշտեցմամբ, ինչը Հայաստանի համար կբացեր Եվրոպան և նրա հաստատությունները: Բացի այդ, հաշտեցումը մեզ հնարավորություն է տալիս վերջապես լուծելու Լեռնային Ղարաբաղի խնդիրը», եզրափակել է Բրյուս Ջեքսոնը: