Պակիստանի ներքին գործերի նախարարության 25 աշխատակիցներ սպանվել են երկրի հյուսիսարևելյան շրջաններում տեղի ունեցող բախումների ժամանակ: Ըստ հաղորդագրությունների՝ պակիստանյան իրավապահ մարմիններին այդ շրջանում դիմակայում են մի քանի հարյուր գրոհայիններ, որոնք հատել են Աֆղանստանի հետ սահմանը և անցել Պակիստան: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պակիստանի կառավարության աղբյուրներին:
Բախումները տեղի են ունեցել Դիր գյուղի մերձակայքում և տևել են մոտ 24 ժամ: Այս մասին հայտնել է Պակիստանի կառավարության ներկայացուցիչը: «Մենք պատրաստվում ենք այդ գյուղից 25 զոհվածների մարմինների դուրսբերմանը»,- ասել է Պակիստանի կառավարական աղբյուրը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Պակիստանում «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո իսլամիստական «Թալիբանն» ու «Ալ-Քաիդան» հայտարարել են, որ պատերազմ են սկսում Պակիստանի և Աֆղանստանի դեմ, և որ հենց այդ երկու երկրներն են առավել տուժելու իրենց վրեժխնդրությունից:










































