«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է.
«Երեկ իրադարձություններով, չար ու բարի լուրերով լի օր էր: Օրն սկսվեց նոր գլխավոր դատախազի մասին հաղորդումով՝ ՀՀ նախագահը որոշել է այդ պաշտոնում ներկայացնել Գևորգ Կոստանյանին: Երիտասարդ իրավաբանը, ով հատկապես աչքի է ընկել Եվրադատարանում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելով և իրավական հիմնավորումներով փորձել է արդարացնել ՀՀ դատական համակարգի կայացրած որոշումները, այժմ զբաղեցնելու է օրինականության թիվ մեկ պաշտպանի աթոռը: Սակայն պետք չէ մոռանալ, որ նա այդպես էլ չկայացավ որպես զինդատախազ, և դատախազության համակարգը նրան չընդունեց: Կկարողանա՞ արդյոք գլխավոր դատախազի հույժ պատասխանատու պաշտոնում Գ. Կոստանյանը կայանալ, կընդունի՞ արդյոք իրավապահ համակարգը նրան, ի՞նչ հետևանքներ կունենա այս նշանակումը երկրի ու մարդու իրավունքների համար, այսօր դժվար է ասել: Երեկ ևս մի սկանդալային հաղորդագրություն տարածվեց. Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանն ազատվել է աշխատանքից և որպես կասկածյալ ներգրավվել է կաշառքի գործով: Հիշեցնենք, որ սա այն անձն է, ով ժամանակին դատի էր տալիս «Հրապարակին» և հայտարարում, որ մենք զրպարտել ենք իրեն: Կյանքը ցույց տվեց, որ մեր հրապարակումները, որոնցից բողոքում էր նա, լուրջ հիմքեր ունեին, և եթե ժամանակին դրանցով իրավապահները լրջորեն զբաղվեին, գուցե կանխվեին հետագայում տեղի ունեցած բազմամիլիոն յուրացումները պետական բյուջեից:
Խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:











































