Ted
«TED + www.1in.am «Առաջին Լրատվական»»՝ համաշխարհային հանրահայտ կրթական հարթակի և կայքէջի համատեղ նախագիծն է։ Այսուհետ TED-ի ամենահայտնի ելույթները, ծիծաղաշարժ և հետաքրքիր մուլտֆիլմերը հասանելի կլինեն www.1in.am-ում՝ հայերեն և ռուսերեն լեզուներով։
TED talks․ Տանիա Լունա. Ինչպես ժանգոտ մետաղադրամը օգնեց ինձ միլիոնատեր զգալ

Ես հինգ տարեկան եմ, ու շատ հպարտ եմ։ Հայրս հենց նոր ավարտել է Ուկրաինայի մեր գյուղում լավագույն զուգարանի կառուցումը։ Ներսից այն ընդամենը գետնի մեջ փորված «բուրումնավետ» հոր է, բայց դրսից՝ մարգարտափայլ սպիտակ պատերով շինություն է, որ բառիս բուն իմաստով պսպղում է արևի տակ։ Ես ինձ այնքա՜ն հպարտ, այնքա՜ն կարևոր եմ զգում, որ ինքս ինձ “նշանակում եմ” մեր ընկերախմբի պարագլուխ ու մեզ համար միսսիաներ եմ մտածում։ Մենք թափառում ենք տնից տուն, գտնում ենք սարդոստայններում բռնված ճանճերի ու ազատագրում նրանց։

Այս ամենից չորս տարի առաջ, երբ ես մեկ տարեկան էի, Չերնոբիլի վթարից հետո սև գույնի անձրև տեղաց։Քրոջս մազերը թափվում էին գլխից խրձերով։ Ես ինն ամիս պառկեցի հիվանդանոցում։ Այցելություններ չէին թույլատրվում, և մայրս կաշառել էր հիվանդանոցի աշխատակիցներից մեկին, ձեռք էր բերել բուժքրոջ խալաթ,որ ամեն գիշեր ներս սողոսկեր ու մնար ինձ հետ։ Հինգ տարի անց՝ հույսի անսպասելի շող։ Չերնոբիլի «շնորհիվ» մեզ ապաստան են տալիս ԱՄՆ-ում։

Ես վեց տարեկան եմ, և լաց չեմ լինում, երբ մենք լքում ենք մեր տունն ու գնում ենք Ամերիկա։ Որովհետև իմ սպասումներում այդ երկիրը հազվագյուտ տեղ է՝ լի հրաշքներով, բանաններով ու շոկոլադով, ու Բազուկա ծամոններով․․․ Բազուկա ծամոններով, որոնց մեջ սիրուն “տպեր” կային, որը Ուկրաինայում մեր ձեռքն էր ընկնում տարին մի անգամ, և որի մեկ հատիկը մենք ծամում էինք մի ամբողջ շաբաթ։

Նյու-Յորք հասնելու մեր առաջին օրը ես ու տատիկս մեր՝ անտունների կացարանի հատակի մեջ մեկ ցենտանոց մետաղադրամ ենք գտնում։ Ի դեպ, մենք չգիտեինք, որ դա անտունների կացարան է։ Մեզ թվում էր, թե դա հյուրանոց է, որտեղ պարզապես առնետներ շատ կան։ Ինչևէ, մենք գտնում ենք այդ մետաղադրամը՝ գետնի մեջ խրված, և մտածում ենք, որ դա պետք է որ ունևոր մեկը թողած լինի․ չէ՞ որ “հասարակ” մարդիկ հենց այնպես դրամ չեն կորցնում։ Ու ես սեղմում եմ այդ ժանգոտ, կպչուն մետաղադրամը իմ ափի մեջ, ու ինձ թվում է, թե ձեռքումս մի ամբողջ հարստություն է։ Ես որոշում եմ գնել իմ սեփական Բազուկա ծամոնը։ Եվ այդ պահին ես ինձ միլիոնատեր եմ զգում։

Մեկ տարի անց ինձ այցելում է մոտավորապես նույն զգացումը, երբ աղբարկղում գտնում ենք փափուկ խաղալիքների մի ամբողջ պարկ, ու ես միանգամից ունենում եմ ավելի շատ խաղալիք, քան ունեցել եմ երբևէ իմ ամբողջ կյանքում։

Եվս մեկ անգամ՝ նույն զգացումը, երբ մի օր թակում են Բրուքլինի մեր բնակարանի դուռը, և ես ու քույրս հայտնաբերում ենք, որ առաքիչը մեզ բերել է պիցցա, որը մենք չէինք էլ պատվիրել։ Մենք, իհարկե վերցնում ենք պիցցան։ Մեր կյանքի առաջին պիցցան։ Մենք այն վայելում ենք՝ կտոր կտորի ետևից, իսկ առաքիչը դռների մոտ կանգնած մեզ է նայում։ Պահանջում է վճարել, բայց մենք անգլերեն չենք հասկանում։ Դուրս է գալիս մայրս, առաքիչը նրան է խնդրում վճարել, բայց նա էլ այդքան փող չունի։ Մայրս ամեն օր աշխատանքի գնալիս ու աշխատանքից գալուց 50 խաչմերուկ էր կտրում-անցնում ոտքով՝ ավտոբուսի վրա փող չծախսելու համար։ Այստեղ հայտնվում է մեր հարևանը, ու կատաղությունից կարմրում է, երբ հասկանում է, որ ներքևի հարկի այդ գաղթականները չգիտես ինչպես թաթները դրել են իր պիցցայի վրա։ Բոլորը զայրացած են։ Իսկ պիցցան՝ շատ համեղ։

Ես միայն տարիներ հետո հասկացա, թե ինչքան քիչ բան ունեինք մենք: ԱՄՆ-ում ապրելու տասներորդ տարեդարձը մենք որոշել էինք նշել` սենյակ պատվիրելով այն հյուրանոցում, որտեղ մենք առաջին անգամ մնացել էինք ԱՄՆ-ում: Ընդունարանի աշխատակիցը ծիծաղում է մեզ վրա: “Դուք չեք կարող սենյակ պատվիրել մեզ մոտ: Սա անտուններին կացարան է:” Մենք ցնցված էինք:

Ամուսինս` Բրայանը, նույնպես փոքր ժամանակ անտուն է եղել: Նրա ընտանիքը կորցրել է ամեն ինչ, և 11 տարեկանում նա ստիպված է եղել հոր հետ ապրել մոթելներում: Այդ մոթելներում նրանց ուտելիքը բռնագրավում ու պահում էին այնքան ժամանակ, մինչև նրանք չվճարեին սենյակի վարձը: Մի անգամ, երբ Բրայանի Frosted Flakes-ի տուփը վերջապես վերադարձրել են իրեն, այն լիքն է եղել խավարասերներով: Բայց մի բան նա ուներ ու պահում էր: Կոշիկի տուփ, որ նա ամեն տեղ իր հետ ման էր տալիս: Այդ տուփում նա պահում էր կոմիքսների ինը ալբոմ, երկու G.I. Joe տիկնիկներ` Սարդ-Մարդու կերպարանքով ներկված, և հինգ Gobot ռոբոտ-տրանսֆորմերներ: Այդ տուփը նրա գանձն էր: Այդ տուփում նրա սեփական հերոսներն էին, որնրան հեռու էին պահել թմրադեղերից ու հանցավոր շրջապատից, ու իր երազանքները կորցնելուց:

Ուզում եմ ձեզ պատմել մեր ընտանիքի` նախկինում անտուն ևս մեկ անդամի մասին: Սա Սկարլետն է:Ժամանակին Սկարլետին օգտագործում էին որպես “խայծ”` շնամարտերում: Նրան կապկպած վիճակում դուրս էին հանում ռինգ, որպեսզի մյուս շները հարձակվեն նրա վրա ու մինչև մարտի սկիզբն ավելի ագրեսիվանան: Հիմա նա սնվում է օրգանական սնունդով ու քնում է օրթոպեդիկ ներքնակի վրա, որին նրա անունն է գրված: Բայց երբ մենք նրա ամանի մեջ ջուր ենք լցնում, նա մինչև հիմա նայում է մեզ ու ի նշան երախտագիտության շարժում է պոչը:

Երբեմն ես ու Բրայանը Սկարլետի հետ զբոսնում ենք այգում: Նա թավալվում է խոտերի մեջ, մենք նայում ենք նրան, հետո` նայում իրար, ու երախտագիտության զգացում ենք ապրում: Մոռանում ենք ժամանակակից միջին խավի մեր բոլոր խնդիրներն ու հիասթափությունները, ու մեզ միլիոնատեր ենք զգում: