Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն անդրադառնալով հարցին՝ արդյոք ՄՄ-ին անդամակցելու Սերժ Սարգսյանի որոշումը որոշակի ճնշումների արդյունքում կայացրա՞ծ որոշում էր, և արդյոք դրանից հետո Ռուսաստանն ուժեղացա՞վ, խորհուրդ տվեց հետևել, թե ինչ է ասում ՀՀ նախագահը: Իսկ Հայաստանի՝ ՄՄ անդամակցության որոշման հարցում Ֆրանսիայի որդեգրած դիրքորոշումը պարզ է՝ ցանկացած ձևաչափ, ցանկացած ոլորտ, որոնք միտված են Հայաստանի և Եվրոպական միության կապերի մերձեցմանը, ցանկալի են:
«Առաջին լրատվական»-ի հարցին՝ այսուհետ ինչպիսի՞ զարգացում է դեսպանը պատկերացնում Հայաստան-Եվրոպա հարաբերություններում, Անրի Ռենոն պատասխանեց. «Մենք գոհունակությամբ փաստել ենք, որ Հայաստանը ամեն դեպքում վճռականորեն է տրամադրված՝ շարունակելու իր համագործակցությունը բոլոր հնարավոր ձևաչափերով և բոլոր հնարավոր ոլորտներում: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք՝ որպես Ֆրանսիա, մեր պատրաստակամությունն ենք հայտնում օժանդակելու, նպաստելու, սատարելու Հայաստանին իր կայացրած նմանատիպ որոշումը իրագործելու համար»:










































