
Թուրքիայի հարյուր հազարավոր բնակիչներ մասնակցել են հուլիսի 15-ին պետական հեղաշրջման փորձի 1-ամյակին նվիրված ցույցերին և երթերին, որոնք անցկացվել են Թուրքիայի տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում և Ստամբուլում: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ Թուրքիայի մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ ազգային դրոշներով և հեղաշրջման փորձի ժամանակ զոհվածների լուսանկարներով հավաքվել են Կըզըլայ կենտրոնական հրապարակում:
Մասնակիցները երթով գնացել են Բոսֆորով անցնող կամրջի մոտ, որտեղ մեկ տարի առաջ կանխվել է հեղափոխությունը: Եթերին մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Մենք պարտավոր ենք հարգել Թուրքիայի՝ հանուն ժողովրդավարության, դրոշի, հավատքի և ժողովրդի պատվի զոհված որդիների և դուստրերի հիշատակը: Թուրք ժողովուրդը երբեք չի մոռանա և թույլ չի տա մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 15-ին»,- հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
«Կամուրջը փակելով՝ հեղափոխականներն ուզում էին ցույց տալ, որ իրավիճակն իրենց վերահսկողության տակ է: Բայց մեր ժողովուրդն անմիջապես անցավ վճռական գործողությունների՝ այդպիսի դավաճանություն տեսնելով… Այստեղ՝ կամրջի մոտ, ամենաշատ արյունն է թափվել, և դավաճանները հաղթվեցին մեր հերոսների մահվա գնով»,- ասել է Թուրքիայի նախագահը:
«Եկեք դատարանում նրանց (հեղաշրջման փորձի համար կասկավծողներին) նույնատիպ հագուստ հագցնենք, ինչպես (Կուբայում ԱՄՆ բանտ) «Գուանտանամոյում»,- հայտարարել է Էրդողանը:
Նա նորից կրկնել է, որ պատրաստ է ստորագրել Թուրքիայում մահապատիժը վերականգնելու մասին օրենքը, եթե խորհրդարանն այն ընդունի:
2016 թվականի հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարներ ռազմական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել Թուրքիայում: Խռովարարներն իրենց հսկողության տակ էին առել մի շարք ռազմավարական օբյեկտներ Անկարայում և Ստամբուլում, բայց մի քանի ժամ հետո խռովությունը ճնշվել էր: Հեղաշրջման փորձի օրը Թուրքիայում մահացել է 240 մարդ: Ավելի քան 50 հազարը կալանավորված են:
Պաշտոնական Անկարան ռազմական հեղաշրջման ձախողված փորձի մեջ մեղադրում են չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով 1999 թվականից բնակվում է Միացյալ Նահանգներում: Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է իրենց արտահանձնել Գյուլենին:
Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը: