Նախօրեին կայքերից մեկն Արցախի նախագահի հուլիսի 19-ին կայանալիք ընտրությունների համատեքստում նկատել էր, որ ԼՂՀ խորհրդարանի 33 պատգամավորներից 29-ն իշխանամետ են: Սա իսկապես ավտորիտարիզմի դրսևորում է, սակայն Արցախն այս հարցում ունիկալ չէ, որովհետև Հայաստանի խորհրդարանում պատկերն ավելի դժգույն է: Երևի աշխսրհի բացառիկ խորհրդարաններից մեկն ենք, որում թղթով ձևակերպված մեծամասնությունից զատ՝ գոյություն ունի ստվերային կամ չբացահայտված մեծամասնություն: Այս առումով մեր քաղաքական և տնտեսական համակարգերը հար և նման են՝ ստվերային որոշիչ բաղկացուցիչով:
Ուրեմն եթե ֆորմալիզմից վերադառնանք իրականություն, ապա իշխանությունը, ավելի ստույգ` Սերժ Սարգսյանը վայելում է խորհրդարանի 105 պատգամավորներից 96-ի աջակցությունը:
Եթե ինչ-որ մեկը կասկածում է ասվածի օբյեկտիվությանը, կարող է վերստին լսել և կարդալ մեր և այլ լրատվամիջոցներին «Ծառուկյան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանի տված հարցազրույցը, որտեղ Սերժ Սարգսյանը ներկայացվում է մեր երկրի կայունության և անվտանգության երաշխավորի բարձունքում, և առաջ է քաշվում այն թեզը, որ 2018-ին գործող նախագահը վարչապետի անայլընտրանք թեկնածու է: Բոստանջյանը ոչ միայն ներբողներ է ձոնել Սարգսյանին, այլ նաև անուղղակիորեն անվանարկել է բոլոր այն ուժերին, որոնք խոստանում են փողոց դուրս գալ Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարը կանխելու նպատակով: «Փողոցային չեմ, որ փողոց դուրս գամ»,-կտրուկ ասել է «Ծառուկյան» խմբակցության անդամը:
Նման ոչ քաղաքական բառապաշարին համարժեք՝ հիշեցնենք, որ նույն տրամաբանությամբ` 2014թ.-ին ԲՀԿ-ն «փողոցային» է եղել, ընդ որում՝ բավականին ագրեսիվ ու սանձարձակ, երբ պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ընկերակցությամբ:
Մյուս կողմից՝ «փողոցային» բառը հայերենում խիստ որոշակի իմաստ ունի, վարքագծային բնութագրում է, ու պարտադիր չէ, որ «փողոցայինները» կանգնեն Երևանի շատ կոնկրետ փողոցում կամ հավաքվեն ինչ-որ հրապարակում. նրանք իրենց «ծառայությունները» կարող են «էլիտար» գներով մատուցել նաև խորհրդարանում:
Վարդան Բոստանջյանի, նրա կուսակից Միքայել Մելքումյանի և մյուսների այս մասին հարցազրույցները մեկ այլ թեմայով խորհելու առիթ էլ է տալիս: Նկատելի է, որ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան պայմանավորվածությունները վերջին օրերին թարմացվել են: Գնալով ամրապնդվում է այն վարկածը, որ Սերժ Սարգսյանի 2018-ի կամպանիայում առանցքային դերակատարություն է վերապահված Ծառուկյանի թիմին, բնականաբար՝ Հանրապետականի հաշվին:
Համակարգային վերադասավորումների և ֆիլտրումների նոր՝ գուցե վճռական փուլ ենք մտնում:










































