Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շատ ուրախ է, որ զինդատախազ Գևորգ Կոստանյանն է դառնալու ՀՀ Գլխավոր դատախազ: «Շատ լավ է, շատ ուրախ եմ և շնորհավորում եմ նրան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սուրիկ Խաչատրյանը:
Հարցին, թե համակարծի՞ք է, որ զինդատախազն այս նոր պաշտոնը ստացավ իր որդուն արդարացնելու համար, նախկին մարզպետն արձագանքեց. «Դա ձեր և բոլորի անիմաստ կարծիքն է, որն իրականությանը չի համապատասխանում: Էս երկրում ոչ մեկդ չեք ուզում լավ բան տեսնեք: Զինդատախազը կատարել է օբյեկտիվ քայլ, ինչի համար ցավ եք ապրում, բայց պատճառը չեմ հասկանում»:
Այսինքն՝ դուք համարում եք, որ գործով օբյեկտի՞վ քննություն է կատարվել` հարցրինք: «Ոչ միայն իմ կարծիքով, այլև բոլոր լուրջ իրավաբանների, միջազգային իրավաբանների կարծիքով Գևորգ Կոստանյանը շատ օբյեկտիվ քայլ է կատարել, որն էլ արժանացել է մի շարք լուրջ իրավաբանների բարձր գնահատականին»,- ասաց նա: «Այդ թվում Սերժ Սարգսյանի՞»,- հարցրինք, սակայն նախկին մարզպետն անջատեց հեռախոսը:










































