Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը ենթարկվել է կոնքազդրային հոդի վիրահատության, սակայն ևս մեկ վիրահատական միջամտության կարիք է զգում՝ հաղորդում է AFP-ն:
Վիրաբույժ Միգել Կաբանելան ԱՄՆ-ից ժամանելով Մադրիդ՝ երեկ հաջողությամբ կատարել է վիրահատությունը: Այն անցկացվել է մայրաքաղաքի մասնավոր կլինիկաներից մեկում: Վիրահատությունը տևել է մոտ երկուսուկես ժամ:
«Բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ նորին մեծության, մեզ ու երկրի համար»,- ասել է Կաբանելան լրագրողներին:
Իսպանիայի թագավորը վերջին 3 տարում արդեն 8-րդ անգամ է ենթարկվում ձախ ազդրի վիրահատության՝ նշում է գործակալությունը: 2012թ. ապրիլին նա վիրահատվել էր Բոստվանայում փղերի որսի ժամանակ ազդրը կոտրելուց հետո:
Վիրաբույժը նշել է, որ վիրահատության ընթացքում տեղադրվել է հոդի ժամանակավոր պրոթեզ, իսկ մշտական իմպլանտավորումը կկատարվի 8 շաբաթից ոչ շուտ: Դրանից հետո միայն թագավորը կկարողանա նորմալ քայլել՝ ասել է բժիշկը:









































