Պակիստանի Փեշավար քաղաքում Բոլոր սրբերի բողոքական եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 81 մարդ: Զոհերից 37-ը կանայք են: Տարբեր գնահատականներով՝ տուժել է 120-131 մարդ: Նրանցից 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Սեպտեմբերի 22-ին ժամերգությունից հետո եկեղեցում երկու պայթյուն է որոտացել: Եկեղեցում մոտ 500 մարդ է գտնվել, այդ թվում՝ տեղի կիրակնօրյա դպրոցի սաները: Երկու մահապարտներ շենք են ներթափանցել գլխավոր դարպասներից ու հայտնվել հավատացյալների բազմության մեջ: Այս մասին հայտնում է CNN-ը: Պայթուցիկները լցոնված են եղել մետաղական գնդերով:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է վերջերս ստեղծված՝ «Թալիբանի» հետ կապեր ունեցող «Ջունուդ Ալ-Հիֆսա» խմբավորումը: Կազմակերպության ներկայացուցիչ Ահմեդ Մարվատը հայտարարել է, որ իրենք կշարունակեն սպանել ոչ մուսուլմաններին ու օտարերկրացիներին այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ի անօդաչու սարքերի հարվածները Պակիստանի հյուսիս-արևմուտքում ենթադրյալ ահաբեկիչների դեմ չեն դադարել: