
Ղարաբաղյան հակամարտությունում Իսրայելի ներգրավվածությունը կհանգեցնի բացասական հետևանքների՝ հայտարարել է Իրանի մեջլիսի խոսնակ Ալի Լարիջանին Սեուլում Եվրասիայի երկրների խորհրդարանների նախագահների հանդիպման շրջանակում իր հայ գործընկեր Արա Բաբլոյանի հետ հանդիպման ընթացքում։
Լարիջանին վստահություն է արտահայտել առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը պետք է լուծվի առանց արտաքին միջամտության։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Իսրայելը հանդիսանում է Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարարը։ Բացի այդ, Երուսաղեմը բազմիցս հայտարարել է ղարաբաղյան հակամարտությունում Բաքվի դիրքորոշմանն աջակցելու մասին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստանի ու Իրանի պատրաստակամությունն էներգետիկայի, տարանցման և տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցում։ Լարիջանիի խոսքով՝ դրա հետ կապված անհրաժեշտ է շուտափույթ իրականացնել էլեկտրակայանների և Հայաստան-Իրան էլեկտրահաղորդալարերի շինարարության համաձայնագիրը։
Լարիջանին ընդգծել է նաև Արաքս գետի ախտահանման համար աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտությունը։