Վրացական Civil.Ge կայքի փոխանցմամբ՝ անորոշ ժամկետով հետաձգվել է հունիսի 2-ին պլանավորված Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ ռուս-վրացական բանակցությունների հերթական փուլը։
Այդպիսի խնդրանքով դիմել է միջնորդական առաքելությամբ հանդես եկող Շվեյցարիան, որի նախագահն օրեր առաջ մի շարք հանդիպումներ անցկացրեց Վրաստանում։
Որպես բանակցությունների հետաձգման պատճառ՝ նշվում է տեխնիկական խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը ցանկանում է ԱՀԿ-ին անդամակցել դեռևս 1993 թվականից, ինչին խոչընդոտում է Վրաստանը:
2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո՝ այս տարվա մարտի 10-ին, Ռուսաստանն ու Վրաստանն առաջին անգամ Շվեյցարիայի Բեռն քաղաքում ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցության շուրջ նստեցին բանակցությունների սեղանի շուրջ:
Սակայն դա ավարտվեց անարդյունք, քանի որ Ռուսաստանը Վրաստանից պահանջում էր վրացական մաքսային վերահսկողության վերականգնման հարցում բանակցային գործընթաց ձեռնարկել ոչ թե իր, այլ Աբխազիայի ու Հարավային Օսիայի հետ: