Թերթը հաղորդում է, որ Մեղրու տարածաշրջանի Լեհվազ գյուղի բնակիչները մի քանի օր է՝ տարակուսանքի մեջ են. նրանք չգիտեն, թե այսուհետ ով է պահելու գյուղի նախիրը:
«61-ամյա նախրապան Ալբերտ Ավանեսովի դին նրանք գտել են երկուշաբթի օրը, Մեղրի գետի ափին՝ նախկին պանրի գործարանի հարակից տարածքում: Երկու օր առաջ, սովորականի պես, Ալբերտը նախիրն արոտ է տարել, իսկ երեկոյան նախրի մի մասը գյուղ է վերադարձել առանց նախրապանի: Գյուղացիները, փնտրելով իրենց անասունները, գտել են Մեղրի գետի մյուս ափին: Իսկ նախրապանի մարմինը հայտնաբերել են հաջորդ օրը: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Նախնական վարկածով, Ա. Ավանեսովը խեղդվել է գետում՝ մյուս ափն անցած անասուններին ետ վերադարձնելու ժամանակ»:
Լեհվազի գյուղապետ Սասուն Զաքարյանի պատմելով՝ նախրապանը սեր է ունեցել ալկոհոլի նկատմամբ:
«Երեքշաբթի լեհվազցիները հողին հանձնեցին նախրապանին, սակայն նրանք միայն մի բանով են մտահոգ՝ ով է փոխարինելու նախրապանին»,-հավելում է «Հրապարակ»-ը: