Այսօր, Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ՌԴ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական հանդիպումը՝ ի պատիվ հոկեյի հայազգի առաջին օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի: Ընկերական հանդիպումից առաջ նախատեսված էր ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, նախաձեռնության հեղինակներ Ալ.Գվոզդևի և Ալ.Յակուշևի հանդիպումը լրագրողների հետ:
Միջոցառմանը ներկա մի քանի լրագրողներ հնարավորություն ունեցան Մաքսային միությանը միանալու Հայաստանի ցանկության մասին սահմանափակ թվով հարցեր ուղղել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Նա նշեց, որ ներկայումս պետք է սկսվի անդամակցության համար գործընթաց, որը կարճաժամկետ չէ, մեկ ժամում չի իրագործվում, գոյություն ունի որոշակի ընթացակարգ, որից հետո արդեն մոտ ապագայում Հայաստանը կդառնա ՄՄ-ի լիիրավ անդամ և մյուս անդամ պետությունների հետ կսկսի նոր ինտեգրացիոն նախագծի՝ Եվրասիական տնտեսական միության ուղղությամբ շարժվել:
«Ես դժվարանում եմ անդրադառնալ ընդհանուր սահմանի հարցին, քանի որ նման նախադեպ չի եղել, բայց բոլոր քայլերը մշակվում են՝ ինչպես դա ճիշտ իրագործել, որպեսզի ամեն ինչ համաձայնեցված լինի: Ուստի դա, բնականաբար, որոշակի ժամանակ կպահանջի: Չեմ կարող ասել, թե որքան, բայց կարող եմ ասել, որ շատ երկար չի լինի, քանի որ ժամանակային սահմանափակումներն այդ պրոյեկտի արդեն որոշակի են»,- նշեց դեսպանը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Մաքսային միությանն անդամակցելով՝ Հայաստանը կկորցնի ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը և անկախությունը՝ նա ասաց, որ քննադատողները լավ տեղեկացված չեն ամեն ինչից: «Ցանկացած պետություն, որը միանում է այս կամ այն միջազգային տնտեսական միության (վերցնենք Եվրոպական տնտեսական միությունը), ապա կորցնում է իր ինքնիշխանության մի մասը, ամեն դեպքում դա պատահում է, դրա մեջ ոչ մի քրեական բան, սարսափելի և ողբերգական բան չկա: Ցանկացած պետություն, որը մասնակցում է ինտեգրացիոն միություններում, բնականաբար, իր անկախության մի մասը տալիս է, բայց չի նշանակում, որ տալիս է ամբողջությամբ»,- մեկնաբանեց դեսպան Վոլինկինը:








































