ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է ավելի զուսպ դիրքորոշում ունենան Ռուսաստանի հանդեպ, որը պարբերաբար իր անհանգստությունն է արտահայտում Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի հավանական ընդլայնման կապակցությամբ: Ռուսաստանը պատմականորեն համարել է և առաջիկայում ևս կհամարի, որ կովկասյան հանրապետությունները գտնվում են իր ազդեցության ոլորտում: Նման տեսակետ է հայտնել Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ներկայում ԱՄՆ-ի Ատլանտյան խորհրդի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի վրացական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Կարծում եմ ՝ դրա հետ պետք է ուղղակի համակերպվել: Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է մնալ Ռուսաստան, Կրեմլը կշարունակի Հարավային Կովկասը համարել իր ամենախոցելի տեղը՝ իր սահմանների արտաքին կողմից: Իսկ սահմանների ներսում դա Հյուսիսային Կովկասն է»,- ասել է նա՝ հավելելով, որ կարևոր է, որպեսզի այն երկրները, որոնց հանդեպ նման «հետաքրքրություն» է ցուցաբերվում, իմաստուն լինեն իրենց քաղաքականությունում, իսկ Եվրաատլանտյան կառույցները պետք է այնպես պահեն իրենց, որպեսզի դրանց գործողություններն արտացոլեն այդ երկրների ձգտումները:
Նրա կարծիքով՝ Արևմուտքում ոչ մեկը չի ցանկանում Վրաստանին հնարավորինս շուտ անդամագրել ՆԱՏՕ-ին: Բրայզան նշել է, որ դա Ռուսաստանին ավելի խոցելի չի դարձնի, ինչպես կարծում են քաղաքական շատ գործիչներ:
«ՆԱՏՕ-ում նման կերպ ոչ մեկը չի մտածում: Մենք համոզված ենք, որ եթե երկիրը ցանկանում է միանալ մարդկության պատմության մեջ ամենահաջողակ ռազմաքաղաքական դաշինքին, որը տարածում է ժողովրդավարություն և կայունություն ամբողջ Եվրոպայով մեկ, որը Եվրամիության օգնությամբ գործընկերներ դարձրեց երդվյալ թշնամիներ Ֆրանսիային և Գերմանիային, ապա մենք պետք է օգնենք նրան»,- ասել է Բրայզան:
Բրայզան կարծում է, որ Արևմուտքը չպետք է մերժի Վրաստանի անդամակցության իրավունքը միայն այն պատճառով, որ «ինչ-որ մեկին դա դուր չի գալիս»:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը կշարունակի անհանգստանալ, որ Արևմուտքը տարածում է իր ազդեցությունը նրա սահմանների մոտ: Սակայն մենք պետք է օգնենք նաև Ռուսաստանին՝ հաղթահարելու անհանգստությունը, և ռուսական ղեկավարությանը բացատրենք, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը վտանգավոր չէ Ռուսաստանի համար, այլ փորձ՝ օգնելու ռուսներին ընդլայնել իրենց շուրջ կայունության ոլորտը: Սակայն մենք ևս չպետք է հրահրենք Մոսկվային»,- հավելել է փորձագետը:










































