Իմ նախագահական ժամկետը սպառվում է, սակայն ես չեմ դադարեցնում իմ քաղաքական գործունեությունը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Թուրքիա կատարած այցի ժամանակ:
Թուրքիայում Սաակաշվիլին հանդիպել է էթնիկ վրացիների հետ և անձամբ է նրանց փոխանցել վրացական քաղաքացիությունը հաստատող վկայականները:
Սաակաշվիլին նշել է, որ մեկնել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել է Վրաստանը: Նա նշել է, որ ճակատագրի հեգնանքով Ռուսաստանը տեղահանել է նրանցից շատերին, որպեսզի նրանք մոռանան Վրաստանին, իսկ Վրաստանը՝ նրանց, սակայն նման բան տեղի չի ունեցել:
«Մեր գեները, մեր բնույթն այնքան ուժեղ են, որ մենք միշտ վրացի կմնանք: Իմ նախագահական ժամկետը լրանում է, սակայն դրանով ես չեմ դադարեցնում իմ քաղաքական գործունեությունը և համոզված եմ, որ մենք բոլորս կշարունակենք Վրաստանի հաջողությունը»,- ասել է նա:
Սաակաշվիլին մեկնաբանել է նաև կառավարության դժգոհությունը Թուրքիայում բնակվող վրացիներին քաղաքացիություն շնորհելու որոշման կապակցությամբ: Նրա խոսքով՝ «Թուրքիայում բնակվող էթնիկ վրացիներն ավելի վրացի են, քան նրանք, ովքեր Վրաստանին մեղադրում են 2008թ. պատերազմը սկսելու համար»:
Հիշեցնենք, որ Սաակաշվիլիի որոշմամբ Թուրքիայում բնակվող 936 էթնիկ վրացի ստացել է Վրաստանի քաղաքացիություն:











































