«Մենք հետաքրքրված ենք, որ ամերիկյան ընկերությունները հնարավորություն ունենան մասնակցելու Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման միցույթներին: Սա մեկն էր այն էներգետիկ հարցերից, որ մենք այսօր քննարկեցինք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարեց ԱՄՆ պետդեպարտամենտի եվրոպական և եվրասիական երկրներին ամերիկյան օժանդակության համակարգող Դենիել Ռոզենբլյումը` անդրադառնալով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Հիշեցնենք, որ ընկերությունը, որը զբաղվելու է նոր ատոմակայանի կառուցմամբ, լինելու է հայ-ռուսական համատեղ ընկերություն, սակայն հայ պաշտոնյաները նշել են, որ չի բացառվում այլ երկրների ընկերությունների մասնակցություն: «Մենք երկար տարիներ աշխատել ենք Հայաստանի հետ միջուկային անվտանգության, ատոմակայանի անվտանգ շահագործման հարցերի հետ կապված ոլորտներում: Մենք պատրաստ ենք շարունակել այդ համագործակցությունը: Եվ եթե հնարավորություններ կան ամերիկյան մասնավոր ընկերությունների՝ նոր ատոմակայանի ծրագրին ներգրավման համար, մենք միայն ուրախ կլինենք: Մեր միջկառավարական հանձնաժողովի գործունեության նպատակը հենց այդ կարգի գործընկերության խթանումն է»,- նշեց Ռոզենբլումը: