Գերմանական Handelsblatt պարբերականն անդրադարձել է Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, որը կայացել է Փարիզում: Մակրոնը Պոտւինին շքեղ ընդունելություն ցույց տվեց՝ միևնույն ժամանակ վճռականություն ցուցաբերելով՝ գրում է հոդվածագիրը:
Մակրոնը երկխոսության համար ձեռք մեկնեց Պուտինին, չնայած վերջինս չէր ցանկանում նրան տեսնել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում՝ փաստում է հոդվածագիրը և հիշեցնում, որ դեռ վերջերս Պուտինին կարելի էր տեսնել Մարին Լե Պենի հետ, իսկ ռուսական ԶԼՄ-ները ֆեյք լուրեր էին տարածում Մակրոնի կյանքի մասին:
Չնայած դրան Մակրոնը, որը մինչև ընտրությունները նշել էր, որ չի կիսում Պուտինի արժեքները, շքեղ ընդունելություն ցուցաբերեց Ֆրանսիայում Պուտինի համար: Հանդիպմանը կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև խոսել են ահաբեկչության, սիրիական, ուկրաինական հակամարտությունների մասին, բայց առաջին հերթին առաջնորդները պետք է ծանոթանային միմյանց հետ, ուստի խուսափեցին առճակատումից՝ ասվում է հոդվածում:
Միջազգային հարաբերությունների ֆրանասիական ինստիտուտի ղեկավարի կարծիքով՝ Պուտինը ցանկանում էր ուղղել իր ծայրահեղ վատ իմիջը, որը ձեռք էր բերել Ֆրանսիայում նախընտրական քարոզարշավի ժամանակ: Իսկ ինչ վերաբերում է Մակրոնին, նա ևս մեկ անթերի քայլ արեց միջազգային հարթակում:
Ինչպես երևում էր, Պուտինը շոյված էր Վերսալում թագավորական ընդունելությունից: Ինչպես գրում է հոդվածագիրը, Մակրոնի ընտրվելուց հետո Պուտինը հանդիպակաց քայլ կատարեց և հայտարարեց այն մասին, որ կողմերը պետք է հաղթահարեն փոխադարձ անվստահությունը: Ռուսաստանն այս կերպ հույս ունի ավելի հեշտ պայմանավորվել Սիրիայի հարցով: