Եվրոպացի առաջնորդները հույս ունեին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսել իր առաջին այցի ընթացքում ուղիղ կերպով կհաստատի ՆԱՌՕ-ի համար հիմնարար հավաքական անվտանգության մասին դրույթը, որը քարոզարշավի ընթացքում ամերիկացի առաջնորդը որակել էր որպես «դատարկություն»: Բայց դրա փոխարեն Թրամփը քննադատեց ՆԱՏՕ-ի անդամներին այն բանի համար, որ նրանք բավարար միջոցներ չեն ծախսում իրենց պաշտպանության վրա, գրում է Foreign Policy պարբերականը:
Հավաքական անվտանգության մասին դրույթի համաձայն՝ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները օգնության կգան այն երկրին, որը հարձակման է ենթարկվել:
Չնայած Թրամփը շոշափեց ահաբեկչության սպառնալիքը, նա չանդրադարձավ ռուսական սպառնալիքին, որպեսզի փարատի դաշնակիցների մտավախությունները: Սա ևս մեկ հիասթափություն էր: Բալթյան երկրներն անհանգստացած են ռուսական զինված ուժերի կենտրոնացմամբ: Նրանք հույս ունեին ստանալ ԱՄՆ-ի համար տիպիկ «երկաթե» հավատարմությունը, բայց հիասթափվեցին՝ գրում է հոդվածագիրը:
«Եվրոպացիները, իհարկե, ավելին լսելու հույս ունեին: Դաշինքի անդամներին խիստ անհանգստացնում է իրենց ապագան: Նրանք Ռուսաստանի կողմից սպառնալիքը համարում են իրենց գոյությանը սպառնացող վտանգ: Նրանք դրա հետ ամեն օր են ապրում»,-ասել է Պենտագոնի նախկին պաշտոնյա Դերեք Չոլետը:
Ատլանտյան խորհորդում ՆԱՏՕ-ի հարցերով փորձագետ Խորխե Բենիթեսը կարծում է, որ Բրյուսելում Թրամփի նման պահվածքը Պուտինի հաղթանակն է: «Նա միայն ուժեղացրեց մեր դաշնակիցների կասկածները, վախերը և մտավախությունները»,-հավելել է նա: