Ամերիկյան հետախուզական ծառայությունները միջազգային արդարադատությունից թաքցրել են տասնյակ նացիստ ռազմական հանցագործների: Այս մասին վկայում է ԱՄՆ արդարադատության նախարարության 600-էջանոց զեկույցը, որի գոյությունը նույնպես թաքցվել է: Ի վերջո, դատական հայցի սպառնալիքի տակ այդ գերատեսչությունը հարկադրված է եղել հրապարակել զեկույցի խմբագրված տարբերակը, որում բացակայել են ամենազգայուն հատվածները: Այդուամենայնիվ, զեկույցն ամբողջությամբ հայտնվել է The New York Times-ում։
Ամենակարկառուն ռազմական հանցագործը, որի հետ համագործակցել է Կենտրոնական հետախուզական վարչությունը, եղել է Օտտո ֆոն Բոլշվինգը, որը Գերմանիայում հրեաների ոչնչացմամբ զբաղվող գերատեսչության անդամ է եղել: Ֆոն Բոլշվինգը Վաշինգտոնում ապաստան է ստացել 1954 թ., որից հետո աշխատել է ԿՀՎ-ի համար, ապա 1981թ. արտաքսվել է երկրից և նույն տարի կնքել մահկանացուն 72 տարեկանում:
Երրորդ Ռեյխի մյուս աչքի ընկնող գործիչը, որի հանդեպ ԱՄՆ-ն անտարբեր չի կարողացել անցնել, զինամթերք արտադրող Mittelwerk գործարանի ղեկավար Արթուր Ռուդոլֆն է: Նա հայտնի է նրանով, որ կազմակերպել է Գերմանիա քշվածներին հարկադիր աշխատեցնելու օգտագործումը: Ռուդոլֆի կենսագրության այս դրվագի վրա ամերիկյան իշխանությունները թերևս աչք են փակել նրա հրթիռների արտադրության մասին գիտելիքների պատճառով: NASA-ն անգամ պարգևատրել է Արթուր Ռուդոլֆին, որը համարվում է Saturn 5 հրթիռների կնքահայրը: