ԵԱՀԿ Երևանի գրասենյակը մոտ է փակվելուն: Նախորդ շաբաթ ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ներկայացուցիչը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ չնայած ներդրված ջանքերին՝ անհնար է եղել համաձայնության հասնել ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու հարցում: Իսկ ԵԱՀԿ-ում, ինչպես հայտնի է, բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսի՝ փոխհամաձայնության սկզբունքի հիման վրա, այսինքն՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը դեմ է արտահայտվում տվյալ որոշման ընդունմանը, ապա որոշումը չի կայացվում:

Ո՞րն է խնդիրը
Խնդրի մասին հայտնի էր դարձել դեռևս 2016թ. դեկտեմբերի վերջին: 2016թ. դեկտեմբերի 31-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում նախագահողը տեղեկացրել էր, որ ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի պատվիրակությունը դեմ է արտահայտվել Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգմանը: Հայտնի է նաև մեկ այլ բան, որ այդ միակ երկիրը Ադրբեջանն է: Ադրբեջանի պատվիրակությունը վետո էր կիրառել Երևանի գրասենյակի մանդատը երկարաձգելու որոշման վրա՝ պատճառաբանելով, որ ԵԱՀԿ Երևանի գրասենյակը կատարում է ականազերծման աշխատանքներ Հայաստանում, որը Բաքվի կարծիքով՝ չի համապատասխանում գրասենյակի մանդատին: Ավելի պարզ ասած՝ Ադրբեջանը հայտարարել էր, թե Երևանի գրասենյակը չպետք է ներգրավված լինի Ադրբեջանի հետ հակամարտությանը առնչվող գործունեության մեջ:
Ադրբեջանական կողմի տվյալ պահանջը բավարարվել էր ԵԱՀԿ նախագահությունը 2017թ. հունվարից ստանձնած Ավստրիայի կողմից, քանի որ Հայաստանը, ինչպես հետագայում պիտի մեկնաբաներ ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ-ում, փոխզիջման ոգով համաձայնել էր, որպեսզի ականազերծման աշխատանքներն ավարտվեն: Չնայած այս հանգամանքին, գերմանական, ավստրիական նախագահությունների, հայկական պատվիրակության գործադրած ջանքերին, ամերիկյան կողմի խիստ դիրքորոշմանը՝ այդպես էլ հնարավոր չեղավ լուծում գտնել հարցին և հասնել համաձայնության: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ ԵԱՀԿ-ում բոլոր կողմերը՝ ԵԱՀԿ նախագահությունը, քարտուղարությունը, մասնակից երկրները, սատարում են ԵԱՀԿ Երևանի գրասենյակի գործունեությանը, և միայն Ադրբեջանն է, որ չարաշահելով կոնսենսուսի սկզբունքը՝ դեմ է հանդես գալիս գրասենյակի գործունեության շարունակմանը:
Ինչո՞ւ է մանդատը երկարաձգվում
Երևանում ԵԱՀԿ գրասենյակ բացելու որոշումը կայացվել էր 1999թ. հուլիսին, կազմակերպության Մշտական խորհրդի նիստում: Որոշման մեջ նշված է, որ ԵԱՀԿ և Հայաստանի փոխադարձ համաձայնությամբ գրասենյակի գործունեության ժամկետն ամեն անգամ պետք է երկարացվի 12 ամսով: ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում փակվել էր 2015-ին՝ Ադրբեջանի պահանջով: Մինչ այդ փակվել էր ԵԱՀԿ առաքելությունը նաև Թբիլիսիում: ԵԱՀԿ Երևանի գրասենյակն, այսպիսով, ԵԱՀԿ միակ ներկայացուցչությունն է Հարավային Կովկասում:
Եվրահանձնաժողովի կոչը
Մայիսի 6-ին հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը: Եվրոպայի դիվանագիտական կորպուսի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակի կողմից տարածված հայտարարության տեքստում նշվում է, որ մանդատի երկարաձգման հարցում համաձայնության հասնելը կարևորագույն նշանակություն ունի: Եվրամիությունը հիասթափված է այն փաստից, որ հնարավոր չի եղել լուծում գտնել խնդրին նույնիսկ այն բանից հետո, երբ հյուրընկալող երկիրը՝ Հայաստանը, համաձայնել է գնալ փոխզիջման:
«Ստեղծված փակուղային իրավիճակին հանգեցրած ձևակերպումների խնդիրը չպետք է Երևանի գրասենյակի մանդատի երկարաձգման խոչընդոտ դառնա: Մենք կոչ ենք անում կողմերին հավելյալ կամք դրսևորել հնարավորինս շուտ խնդրի լուծում գտնելու ուղղությամբ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովը:
Քիչ հավանական
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը չի կարծում, թե քաղաքական հայտարարությունները՝ ներառյալ Եվրահանձնաժողովի հայտարարությունը, կարող են ազդել ԵԱՀԿ գրասենյակի գործունեության երկարաձգման կամ դադարեցման ընթացակարգի վրա, քանի որ եվրոպական յուրաքանչյուր կառույց ունի որոշումների ընդունման իր ընթացակարգերը:
«Միակ տարբերակը, որը քիչ հավանական է, այն է, որ միջազգային ճնշումը ազդի Ադրբեջանի վրա, և Բաքուն փոխի իր կարծիքը, մոտեցումը: Բայց եթե Բաքուն պնդելու է, որ երևանյան գրասենյակի 2017թ. բյուջեն չպիտի հաստատվի, ապա ինչպես ասում են՝ «դրա դեմ խաղ չկա», և, բնականաբար, ԵԱՀԿ-ն չի համաձայնի պահել մի գրասենյակ, որը չի կարող իրականացնել ծրագրեր ըստ բյուջեի: Դրա նախադեպը մենք ունեցել ենք Վրաստանի գրասենյակի պարագայում, երբ նույն զարգացումն ունեցավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Բորիս Նավասարդյանը՝ ավելացնելով, որ ամեն դեպքում միջազգային հանրությունը պետք է քննարկի ընթացակարգերի փոփոխման հնարավորությունները ապագայի համար:
Նվազագույն փոփոխությունը, որին անհրաժեշտ է հասնել, այն է, որ ԵԱՀԿ-ի որևէ անդամ պետություն չկարողանա վետոյի միջոցով սառեցնել այլ երկրներում ԵԱՀԿ գործունեությունը, եթե դա անմիջապես կապ չունի իր շահերի հետ:
«Կարծում եմ, որ այդ հայտարարությունները տարբեր միջազգային ատյանների կողմից կարող են նպաստել, որ ԵԱՀԿ-ն կա՛մ գտնի հնարավորություններ՝ հետագայում վերականգնելու ԵԱՀԿ գրասենյակի աշխատանքը Երևանում, կա՛մ գտնի աշխատանքի այնպիսի ձևեր, որոնք չեն խոչընդոտի երևանյան գրասենյակի համար նախատեսված այդ նույն ծրագրերի իրականացմանը»:
Սառը պատերազմի հետևանքը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը իր հերթին բացատրեց ստեղծված փակուղային վիճակի հիմնական պատճառները՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասելով, որ Ադրբեջանը միայն մեկ լծակ է ունեցել Երևանի գրասենյակը փակել տալու համար և օգտագործել է այն, իսկ ֆորմալ մեխանիզմը ԵԱՀԿ-ում այնպիսին է, որ նույնիսկ Գերմանիայի կամ Միացյալ Նահանգների պես գերհզոր պետությունները չեն կարողանում իրավիճակը դուրս բերել փակուղուց: Փաստացի պատճառը ԵԱՀԿ-ի հնացած համակարգն է, որը ստեղծվել է Սառը պատերազմի դարաշրջանում՝ այն տարիների խնդիրները լուծելու նպատակով:
«ԵԱՀԿ-ն Սառը պատերազմի ծնունդ է: ԵԱՀԿ-ի բոլոր շրջանակները ստեղծվել էին միայն ու միայն այն նպատակով, որպեսզի հնարավոր լինի Սառը պատերազմի պայմաններում պայմանավորվածություններ ձեռք բերել ԽՍՀՄ-ի և արևմտյան բլոկի միջև կոնսենսուսի հիման վրա»,- նշեց քաղաքագետը:
Ռուսները «քաշեցին» մեզ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հարցին նայում է փոքր-ինչ այլ դիտանկյունից՝ խնդիրը կապելով ղարաբաղյան բանակցությունների հետ:
Փորձագետը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում քննադատեց հատկապես հայկական դիվանագիտությանը՝ ոչ բավարար աշխատանք տանելու, և Հայաստանի գործընկեր Ռուսաստանի Դաշնությանը՝ պասիվ կեցվածքի համար: Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է, որ խնդրի մասին հայտնի էր դարձել նախորդ տարվա դեկտեմբերին, ուրեմն պաշտոնական Երևանը՝ ի դեմս դիվանագիտական կորպուսի, երկրի ղեկավարության, պետք է համապատասխան դիվանագիտական աշխատանք իրականացներ այս 4-5 ամիսների ընթացքում, մեծ աղմուկ բարձրացներ, բարձրաձայներ Ադրբեջանի ապակառուցողական պահվածքի մասին միջազգային տարբեր ատյաններում՝ ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում, Եվրախորհրդում, ԵԽԽՎ-ում և նույնիսկ ՀԱՊԿ-ում, որպեսզի Ադրբեջանի շուրջ ստեղծված քննադատական մթնոլորտում հնարավոր լիներ բարձրացնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը:
«Հիմա ասում են՝ բայց ի՞նչ պատժամիջոց, եթե նրանք իրավունք ունեին վետո կիրառել: Շատ լավ: Դու պետք է բացատրես, որ տեսեք՝ նրանք ունեին դիտողություն՝ կապված ականազերծման ծրագրերի հետ: Հայաստանը, ԵԱՀԿ-ի ղեկավարությունը համաձայնեցին հրաժարվել այդ ծրագրերից: Դրանից հետո Ադրբեջանը կառուցողական դարձա՞վ. ոչ, չդարձավ: Եվ այստեղ դու պետք է դա օգտագործեիր, անընդհատ տանեիր այդ արշավը այս 4-5 ամսվա ընթացքում, որ այսօր հարց դնեիր Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին»:
Խոսելով ղարաբաղյան համատեքստի մասին՝ քաղաքագետը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Երևանի գրասենյակի դեմ կատարված իր քայլերով, ըստ էության, պատասխանել է ապրիլի 28-ին Մոսկվայում կայացած եռակողմ՝ Նալբանդյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման ընթացքում Հայաստանի արտահայտած դիրքորոշմանը, որ միակողմանի զիջումներ չեն արվելու Ադրբեջանին ղարաբաղյան հարցում:
«Հայաստանը ապրիլի 28-ին համաձայնեց մասնակցել Մոսկվայի հանդիպմանը, որը նախաձեռնել էր Ռուսաստանը: Այդ հանդիպմանը գնալը կոպիտ սխալ էր: Ես կասեի՝ Ռուսաստանը մեզ «подставка» արեց: Պարզվեց՝ այդ հանդիպումը շատ կարևոր էր Ադրբեջանի համար նաև այն առումով, որպեսզի ճշտի՝ մենք տարածքները հանձնելո՞ւ ենք, թե՞ ոչ, որպեսզի հետո պատասխան տա մի շարք ոլորտներում: Ու քանի որ ապրիլի 28-ին Ադրբեջանը հստակ պատասխան ստացավ, որ միակողմանի որևէ զիջում չի լինի Հայաստանի կողմից, պատասխան քայլն արեց ԵԱՀԿ-ում: Ապրիլի վերջին օրերին և մայիսի սկզբներին բանակցություններ էին ընթանում Հայաստանի, Ադրբեջանի ու ԵԱՀԿ-ի միջև՝ կապված գրասենյակի խնդրի հետ: Ադրբեջանի սպասելիքները չբավարարեցինք, նրանք էլ շարունակեցին արգելափակել ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման որոշումը:
Միտքս այն է, որ, դժբախտաբար, մենք և՛ դանդաղաշարժ ենք, և՛ ժամանակին չենք արձագանքում, և՛ լուրջ սխալներ ենք անում: Օրինակ՝ կոպտագույն սխալ էր Ռուսաստանի «փոխանցումով» Մոսկվայի եռակողմ հանդիպմանը գնալը, այն էլ այն դեպքում, երբ գիտենք, որ Ադրբեջանը չի կատարում Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դա սովորեցնում է մեզ, որ Ղարաբաղի հարցում այսօր անիմաստ է Ադրբեջանի հետ զիջումների գնալը»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:










































