Սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել Հայաստանի և Բելառուսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Վլադիմիր Մակեյի հանդիպումը։Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:
Ողջունելով գործընկերոջը՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ հայ-բելառուսական ավանդական, բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում, ինչին նպաստում են նաև բարձր մակարդակով անցկացվող հաճախակի հանդիպումները։
Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի համար՝ նախարար Մակեյը նշեց, որ ուրախ է կրկին անգամ գտնվել բարեկամ Հայաստանում՝ քննարկելու փոխգործակցության հետագա զարգացման և խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։
Անդրադարձ է կատարվել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերին։
Նախարարները քննարկել են ս.թ. մայիսին Բելառուսի նախագահի Հայաստան կատարած այցելության ընթացքում երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։
Նախարարները մտքեր են փոխանակել Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցության և Վիլնյուսյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:










































