«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ խորհրդարանական վերջին ընտրություններում կատարված ընտրախախտումների առնչությամբ հարուցված քրեական գործերից մեկով արդեն դատավճիռ է կայացվել: Խոսքը Լոռու մարզի 25/20 ընտրատեղամասում «Ծառուկյան» դաշինքի վստահված անձ Բավական Բարսեղյանի կողմից քվեարկության մեկից ավելի փորձ կատարելու առթիվ հարուցված քրեական գործի մասին է:
Բավական Բարսեղյանն ընդունել է մեղքը, միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն: Արդյունքում՝ մայիսի 4-ին նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով` զրկվելով տարբեր պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Սակայն միաժամանակ նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, եւ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով: «Հաստատ կարող եմ ասել, որ կրկնակի քվեարկության միտք չեմ ունեցել, ես լավ հասկանում եմ, որ դա անթույլատրելի բան է, բայց չհասկացա, թե իմ հետ ինչ կատարվեց, նորից գնացի ու արեցի»,- օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր նա:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: