Business Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանը մոտ ժամանակներս կդառնա «Վիկինգ» միջազգային տրանսպորտային նախագծի պաշտոնական մասնակիցը։ Այս մասին Վիլնյուսում հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան։
Վերջինիս խոսքերով՝ դա Վրաստանին հնարավորություն կընձեռի սեփական նավահանգիստներում, ինչպես նաև երկաթուղագծերում ավելացնել ապրանքաշրջանառության ծավալը։
Կոբալիան միջազգային տրանսպորտային ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել նաև իր լիտվացի գործընկերոջ հետ և քննարկել Եվրոպա-Ասիա տրանսպորտային համակարգերի զարգացման, ինչպես նաև դրանցում Վրաստանի ներգրավվածության մեծացման խնդիրները։
Հիշեցնենք, որ «Վիկինգ» միջազգային տրանսպորտային նախագիծը միմյանց է կապում Բալթիկ և Սև ծովերի կոնտեյներային բեռնափոխադրման համակարգերը։