Վերջին 20 տարիների ընթացքում ռուսերենը կորցնում է իր դիրքերն աշխարհում, մասնավորապես, հետխորհրդային պետություններում, որոնք ձգտում են ամրապնդել լեզվի ինքնիշխանություն՝ գրում է Financial Times թերթի լրագրող Սթիվ Ջոնսոնը:
Այս միտումն ընդգծում է Մոսկվայի ազդեցության անկումն այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Ուկրաինա, Սիրիա ռազմական ներխուժման միջոցով վերակենդանացնել նախկին գերտերության պրեստիժը:
Հարցումների և ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ռուսերենի դիրքերը սրընթաց կերպով անկում են ապրում Ղազախստանում, որտեղ 2016թ. ռուսերեն տիրապետել է բնակչության միայն 20.7 տոկոսը, այն դեպքում, երբ 1994թ. այդ ցուցանիշը կազմել է 33.7 տոկոս: Ըստ ամենայնի, այդ միտումը կպահպանվի, քանի որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է լատինատառ այբուբենին անցում կատարելու մասին:
Էստոնիայում և Լատվիյում ռուսերեն խոսող քաղաքացիների թիվը 1994թ. համեմատ կրճատվել է 10 տոկոսով, համանման պատկեր է տիրում նաև Ուկրաինայում: Ռուսախոսների թվի կրճատում գրանցվել է նաև Ադրբեջանում, Լիտվայում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում:
2008թ. Ռուսաստանի հետ պատերազմից հետո Վրաստանում ռուսախոս քաղաքացիների թիվը նվազել է մինչև 1.1 տոկոս: Macro-Advisory քոնսալթինգային ընկերության ավագ գործընկեր Քրիս Ուիֆերը այս գործընթացը մեկնաբանում է նրանով, որ «այդ երկրները գտնվել են խորհրդային ռեժիմի գերության ներքո և երբ ազատվել են, ցանկացել են ազատվել այն ամենից, ինչը հիշեցրել է գերության մասին, այդ թվում՝ լեզվից»:
Եվ միայն մի երկիր է դուրս մնացել ընդհանուրի շարքից, խոսքը Բելառուսի մասին է, որտեղ 2016թ. ռուսախոս բնակչության թիվը կազմել է 71 տոկոս: Եվ այս ամենը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուլաշենկոյի շնորհիվ, որը իշխանության գալուց մեկ տարի հետո ռուսերենը դարձրել է երկրորդ պետական լեզու՝ գրում է Financial Times-ը: