Նոյեմբերի 17-18-ը սպասվում է Ադրբեջանի նախագահի հրավերով իրանական պատվիրակության այցը Ադրբեջան՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գլխավորությամբ ։ Այս մասին հայտարարել է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամեդ Բագիր Բահրամիին։ Բահրամիի խոսքերով, Ահմադինեժադի առաջիկա այցը Ադրբեջան կնպաստի տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանն ու խաղաղությանը։ Իրանի նախագահի այցը, ըստ դեսպանի, կնպաստի նաև Իրանի և Ադրբեջանի միջև կապերի հետագա ընդլայնմանը բոլոր ոլորտներում։ Այցի շրջանակներում նախատեսվում են վերջին տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների, փոխադարձ շահեր ներկայացնող հարցերի, ինչպես նաև Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների հետագա ընդլայնման վերաբերյալ քննարկումներ։ Բահրամիի խոսքով, Ադրբեջան կատարելիք այցի երկրորդ օրը Իրանի նախագահը կմասնակցի մերձկասպյան երկրների՝ Բաքվում կայանալիք գագաթնաժողովին։