Ռուսաստանում բնակվող ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հայտրարել է, որ Աֆղանստանում գտնվող թունելային համալիրը, որի վրա նախօրեին Պենտագոնը ռումբ է նետել, կառուցվել է Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ: Այս մասին Սնոուդենը գրել է Twitter-ի իր էջում:
«Եվ մենք Աֆղանստանում ռմբակոծում ենք մոջահեդների թունելների այս ցանցե՞րը: Մենք ինքներս ենք վճարել դրա համար»,-գրել է Սնոուդենը՝ հրառմանը կցելով The New York Times-ի 2005թ. հոդվածի հղումը:
Հրապարակման համաձայն՝ այսպես կոչված Տորա-Բորա քարանձավների շինարարությունն Աֆղանստանի արևելքում ֆինանսավորվել է 1980-ական թթ. ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կողմից:Այդ ժամանակ Վաշինգտոնն աջակցել է մոջահեդներին, որոնք Աֆղանստանում կռվում էին խորհրդային զորքերի դեմ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նախօրեին առաջին անգամ ռազմական գործողություններում կիրառել է ամենահզոր ոչ միջուկային ռումբը, որի թիրախն են դարձել Աֆղանստանում ԴԱԻՇ-ի զինյալները, վերջիններիս թունելային համակարգը, որը նրանք օգտագործում էին տեղաշարժման համար: