«Յոթյակի» երկրների արտգործնախարարները դիտարկում են ռուսական և սիրիական բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է Միացյալ Թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը՝ Sky News հեռուստաալիքի եթերում:
«Մենք քննարկել են լրացուցիչ պատժամիջոցներ մտցնելու հնարավորությունը հատկապես մի քանի սիրիական ռազմական գործիչների, ինչպես նաև ռուսական ռազմական գործիչների նկատմամբ, որոնք մասնակցել են սիրիական ռազմական գործունեության համակարգումում»,- ասել է նա:
G7 երկրների արտգործնախարարների հանդիպումը բացվում է երկուշաբթի Լուկայում (Իտալիա): Հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Սիրիայի կարգավորումն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել է The Times-ը, G7-ի հանդիպմանը Բորիս Ջոնսոնը կպահանջի ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները` որպես Սիրիայում վերջին դեպքերի պատասխան, եթե Մոսկվան չդադարի Դամասկոսին աջակցելուց: Նա ցանկանում է, որ ՌԴ-ն դադարի Բաշար Ասադի ռեժիմին աջակցելուց և իր զորքերը դուրս բերի Սիրիայից:
«Եթե նախագահ Պուտինը հրաժարվի՝ Ռուսաստանի դեմ կմտցվեն նոր պատժամիջոցներ, որպես լրացում նրանց, որոնք գործում են որպես պատասխան Ուկրաինայի գործերին խառնվելուն: Դրանց նպատակը կլինի կյանքը շատ բարդ դարձնել ռուս պաշտոնյաների համար»,- գրում է The Times-ը:










































