Այսօր ԵԱՀԿ-ի գործող նախագահը կազմակերպության Մշտական խորհրդին տեղեկացնելու է Աստանայում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքի մասին: ԵԱՀԿ-ի երկօրյա գագաթնաժողովի հանդիսավոր բացումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին Աստանայի ընդունելությունների տանը, իսկ հաջորդ օրը նախատեսված է ամփոփիչ հռչակագրի ստորագրումը։
Գագաթնաժողովը Աստանայում անցկացնելու որոշումը ԵԱՀԿ-ի Նախարարների խորհուրդը ընդունել է այս տարվա օգոստոսի 3-ին։ Նոյեմբերի 28-ին նախատեսված են ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դը Բրիշամբոյի եւ ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի ասուլիսները։ Նոյեմբերի 30-ին ծրագրված է ԵԱՀԿ-ի մասնակից 56 պետությունների, գործընկեր 12 երկրների, ինչպես նաեւ 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարների հանդիպումները ԵԱՀԿ-ի նախագահող եւ գագաթնաժողովը հյուրընկալող երկրի` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 1999-ին Ստամբուլում: