Վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություններ իրագործվել են ծնունդով Ուզբեկստանից անձանց կողմից՝ գրում է Sueddeutsche Zeitung թերթը՝ որպես օրինակ բերելով Ստամբուլի Աթաթյուրքի անվան օդանավակայանում 43 մարդու կյանք խլած ահաբեկչությունը: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը:
Մյուս ահաբեկչությունը, որը տեղի էր ունեցել Ստամբուլի Reina գիշերային ակումբում, խլելով 39 մարդու կյանք, ևս կատարել է ուզբեկ տղամարդը՝ ԴԱԻՇ-ի հրահանգով: Անցած շաբաթ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունն իրագործել էր ՌԴ քաղաքացի, ծնունդով Ուզբեկստանի Օշ քաղաքից տղամարդը: Ստոկհոլմի ենթադրյալ ահաբեկիչը, որը միտումնավոր բեռնատարով մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, ևս Ուզբեկստանի քաղաքացի էր:
Այսպիսով՝ Ուզբեկստանն աստիճանաբար դառնում է ահաբեկչության կենտրոն, ԴԱԻՇ-ը գնալով ավելի շատ մարդիկ է հավաքագրում միջինասիական երկրներից, ինչպիսին է Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը: Ընդհանուր առմամբ ԴԱԻՇ-ի շարքերում կռվում է այս երկրների մինչև 5 հազար քաղաքացի:
Նյու Յորքում Կոլումբիայի համալսարանի հետազոտող Էդվարդ Ջեյմս Լեմոնը կարծում է, որ միջինասիական երկրների քաղաքացիների հավաքագրումը տեղի է ունենում հենց Ռուսաստանում: Նրա խոսքով՝ Ուզբեկստանից, Տաջիկստանից գաստարբայթերները հիմնականում երիտասարդ տղաներ են, որոնք հեռու են գտնվում իրենց տնից և քիչ աշխատավարձ են ստանում: Այս ամենը նրանց հեշտ թիրախ է դարձնում ԴԱԻՇ-ի կամ ցանկացած այլ ահաբեկչական խմբավորման համար:
Բացի այդ, «Ուզբեկստանի իսլամական շարժումը», որը գործել է 90-ական թվականներից, համարվում է Միջին Ասիայի ամենածայրահեղական խմբավորումներից մեկը: Վերջինս 2015-ին հավատարմության երդում է տվել ԴԱԻՇ-ին: