«Դովիլում համանախագահող երկրների նախագահների՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ ընդունած համատեղ հայտարարությունը պարունակում է թե՛ դրական, թե՛ բացասական տարրեր»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը:
Մայիլյանը գնահատմամբ դրական տարրերի թվին կարելի է դասել այն բանի հաստատումը, որ «միայն բանակցային կարգավորման միջոցով հնարավոր է հասնել խաղաղության, կայունության ու հաշտության՝ հնարավորություն ստեղծելով տարածաշրջանային զարգացման և համագործակցության համար: Ուժի կիրառումը հանգեցրել է դիմակայության և անկայունության ներկայիս իրավիճակի առաջացմանը:
Ուժի կրկնակի կիրառումը հանգեցնելու է միայն նոր տառապանքների ու ավերածության և դատապարտվելու է միջազգային հանրության կողմից: Մենք ղեկավարներին նախանձախնդրորեն կոչ ենք անում բնակչությանը պատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի»:
Այս կոչն, ըստ Մայիլյանի, պետք է սառեցնի ռազմական ռևանշի օգտին հանդեսեկող և ԼՂՀ ու Ադրբեջանի սահմանին արհեստականորեն լարվածություն հրահրող Բաքվի «տաք գլուխներին»:
Սակայն Մայիլյանի գնահատմամբ, հայտարարության տեքստից ակներև է, որ երեք երկրների նախագահները շարունակում են լինել արատավոր «մադրիդյան սկզբունքների» և դրանց տարրերի հիման վրա կարգավորման կողմնակից: Անտարակույս, միջազգային ճնշման ներքո փաստաթղթի ընդունումը և վերջինիս կենսագործումը վճռական քայլ կլինի ոչ թե հակամարտության կարգավորման, այլ փաստաթղթի հեղինակների կողմից անընդունելի որակված իրերի դրության նշանակալից վատթարացման ուղղությամբ»:
Մայիլյանի խոսքերով, ստատուս-քվոն ձեռնտու չէ ոչ միայն միջնորդներին, այլև՝ հայկական կողմերին և հարկ է փոխել տարածաշրջանում իրերի դրությունը, բայց ոչ թե ամեն գնով, այլ բացառապես դրական ուղղությամբ՝ կայունության պահպանման պայմաններում. «Այսպիսի սցենար կարող է լինել ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը, որն ի վիճակի է փակել ռազմական հեռանկարը:
Սույն՝ վերջին տարիներին փորձարկված և առավելագույնս ոչ ծախսատար սցենարի իրականացումը տարածաշրջանին կշնորհի երկարատև կայունություն և տարածաշրջանային խաղաղությամբ անկեղծորեն շահագրգռված, տատուս-քվոյի դրական փոփոխության կողմնակիցները պետք է նախապատվություն ընծայեն այս սցենարին, այլ ոչ թե ձգտեն ժամանակը հետ շրջել»: