ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գերատեսչության ղեկավար Աուդրոնիուս Աժուբալիսը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից համաներում կիրառելու մասին որոշման կայացումը, որի արդյունքում ազատ են արձակվել նաև 2008-ին ձերբակալված ընդդիմադիրները:
«Ես անկեղծորեն ողջունում եմ այս որոշումը, որն ընդդիմության հետ երկխոսելու նոր հնարավորություն կընձեռի, և ողջունում եմ իշխանությունների այս քայլը»,-ասել է նա:
«ԵԱՀԿ նախագահները, ինչպես նաև մեր միջազգային գործընկերները, անընդհատ կոչ ենք արել Հայաստանի իշխանություններին ազատ արձակել այդ անձանց՝ որպես բարի կամքի քաղաքական դրսևորում»,-ասել է Աժուբալիսը՝ հավելելով, որ նա այս հարցը բարձրացրել է Հայաստանի նախագահի ու արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում՝ ընթացիկ տարվա մարտին հայաստանյան այցելության ժամանակ, ասված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրությունում:
Աժուբալիսը ասել է նաև, որ հույս ունի՝ Հայաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և հայտնել, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը պատրաստ է համապատասխան օգնություն տրամադրել: