Անցած շաբաթ` նոյեմբերի 8-12-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն արտարժույթի շուկայում վաճառել է մոտ 5.7 մլն դոլար: Վերջին 2 ամիսների ընթացքում սա առաջին դեպքն է, երբ ԿԲ-ն վաճառել և ոչ թե գնել է արտարժույթ: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ ԿԲ-ն արտարժույթի գնման կամ վաճառքի ոչ մի գործարք չէր արել, իսկ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածի 6 շաբաթների ընթացքում ԿԲ-ն գնել էր մոտ 32 մլն դոլար: Այն, որ նախորդ շաբաթ ԿԲ ոչ թե գնել, այլ վաճառել է արտարժույթ, ցույց է տալիս, որ դրամի արժեզրկման ուղղությամբ ճնշումները ավելի ուժեղ են եղել, քան թե արժևորման ուղղությամբ, ինչը պայմանավորված է սեզոնայնությամբ: Հիշեցնենք նաև, որ դոլարի փոխարժեքը նախորդ ողջ շաբաթվա ընթացքում տատանվում էր 364 դրամի շուրջը: