Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պանրի ապրանքային շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող 16 խոշոր ընկերությունները արդեն ներկայացրել են հանձնաժողովի կողմից պահանջված՝ պանրի գների փոփոխության մասին ամբողջական տեղեկատվությունը: Մեր այն հարցին, թե ինչն է պատճառը, որ հանձնաժողովը երկրորդ անգամ է ուսումնասիրություն կատարում տվյալ շուկայում, մամուլի քարտուղարը պատասխանեց. «Մենք այն ժամանակ ուսումնասիրություն չէինք կատարել, պարզապես նրանցից մի քանիսից բանավոր էինք փորձել պարզել թանկացման պատճառները: Սակայն երբ հարցը արդեն շատ մեծ սոցիալական լրջություն ստացավ, որոշեցինք գրավոր և խորացված ուսումնասիրություն անցկացնել: Արդեն բոլոր 16-ից ստացել ենք պարզաբանումները, և մեր մասնագետները աշխատում են տեղեկատվության վերլուծության վրա»: Նրա ասելով՝ հնարավոր սեղմ ժամկետներում արդյունքերը պարզ կդառնան: Իսկ եթե ուսումնասիրությունները ցույց տան, որ գները արհեստականորեն են բարձրացել, ապա շատ հավանական է՝ պանրի գները իջեցվեն: