ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և Գերմանիայի Դաշնության տրանսպորտի, շինարարության և քաղաքաշինության նախարար Պետեր Ռամզաուերը Լայպցիգում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ավտոմոբիլային ճանապարհներով միջազգային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին» համաձայնագիր: Այս մասին ասվում է Տրանսպորտի և կապի նախարարության այսօր տարածած հաղորդագրությունում։
Տրանսպորտի ոլորտում, բացառությամբ օդային, առաջին անգամ է Գերմանիայի հետ ստորագրվում համաձայնագիր,ինչը հիմք կհանդիսանա երկուստեք հետագա համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:
Նախարար Մ.Վարդանյանը Պ.Ռամզաուերին ներկայացրել է Հայաստանում իրականացվող և նախատեսվող ճանապարհաշինարարական ծրագրերը, այդ թվում` «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագիրը: Հաշվի առնելով գերմանական ճանապարհաշինարարական ընկերությունների լավագույն փորձը բետոնե ճանապարհների կառուցման գործում` Մ.Վարդանյանն առաջարկել է այդ հարցում փորձի փոխանակում կատարել և տեխնիկական աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման վերջում նախարար Մ.Վարդանյանը գերմանացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան` մոտիկից ծանոթանալու տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումներին ու առկա խնդիրներին: