Թե ինչու է ՀԱԿ-ի և իշխանության միջև երկխոսություն սկսելու ցանկություն ու նախադրյալներ ստեղծվել հիմա՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը համոզված է.
– Նախկինում դա հնավոր չէր, որովհետև հասարակությունը խիստ լարված, խիստ բևեռացված էր, ընդդիմությունը նունիսկ կոչ էր անում տապալել իշխանությունը։
– Ո՞վ է այդպիսի կոչ արել, պարոն Պետրոսյան։
– Նիկոլ Փաշինյանը։
– Կոչի բովանդակությունը կհիշե՞ք, ի՞նչ էր մասնավորապես ասում Նիկոլ Փաշինյանը։
– Դա անմիջականորեն ես եմ նայել հեռուստացույցով։ Ուզում եմ ասել, որ նախկինում լարվածությունն այնպիսին էր, որ հնարավոր չէր այն քայլերը կատարել, որ այսօր կատարում է հանրապետության նախագահը։ Այսօր ընդդիմությունը նման կոչեր չի անում, ավելի կառուցողական բաներ են առաջարկում, իշխանությունն էլ ընդառաջ է գնում։
– Պարոն Պետրոսյան, այն կոչերը, պահանջները, որ երեք տարիների ընթացքում կային, այսօր էլ չեն փոխվել։ Մասնավորապես՝ 2008 թ. նախագահական ընտրությունները կեղծվել են, ամեն ինչ պետք է անել երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար, արտահերթ արդար ընտրություններ պետք է անցկացնել, և վերջին երեք պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակում, Մարտի 1-ի բացահայտում, Ազատության հրապարակում հանրահավքների արտոնում։ Փաստորեն, նույն կոչերը նախկինում համարում էիք սեպ խրելուն, անհանդուրժողականություն սերմանելուն ուղղված քայլեր, իսկ այսօր՝ կառուցողակա՞ն մոտեցում։
– Պահանջների իրականացման ձևերը, կոչերը, այ, դրանք են փոխվել։ Ընդդիմությունը հիմա շատ քաղաքակիրթ ձևով է հանդես գալիս, առաջադրում է համապատասխան պահանջներ, բայց չի ասում՝ դե, հավաքվեք, գնում ենք նախագահի պալատը գրավելու։
– Այդպիսի կոչեր եք լսե՞լ։
– Այդպիսի կոչեր այն ժամանակ արվել են, դուք չգիտե՞ք, որ արվել են։