Վրաստանում կատարվող իրադարձությունների պատճառը, ըստ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանի, պայմանավորված է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի վարած «անհասկանալի և բազմավեկտոր» արտաքին քաղաքականությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Կարապետյանը նկատեց, որ Վրաստանի ընդդիմության հանրահավաքներում արտաքին ուժերի ազդեցությունը մեծ է, և դրանք դեռ շարունակություն են ունենալու:
Ըստ Կարապետյանի՝ անհասկանալի է, թե ամերիկյան փողերով սնվող պետությունն ինչպես կարող է մերձենալ Իրանի հետ, անհասկանալի է նաև Իսրայելի հետ հարաբերությունների վերջին շարժը: Կարապետյանը նաև ընդգծեց, որ գուցե ԱՄՆ-ում Սաակաշվիլիի լոբբինգով զբաղվող խմբավորումների շահերն այլևս չեն համընկնում Օբամայի քաղաքականության հետ. «ԱՄՆ-ում Սաակաշվիլիի քաղաքական հենարանը հանդիսացող Դոնալդ Թրամսը և այն օրթոդոքս հրեական հատվածն այսօր այնքան էլ չեն համընկնում Դեմոկրատական կուսակցության գծի հետ:
Դրա համար էլ Օքրուաշվիլին, որը զուտ ամերիկյան գործիչ է համարվում, փորձում էր Վրաստան մտնել Աբխազիայի տարածքով, որը ռուսական տարածք էր համարվում»:
Կարապետյանը նաև ընդգծեց, որ եթե Վրաստանում խժդժություններ են լինում, ապա դա էականորեն ազդում է նաև Հայաստանի վրա: